Լրագրողների պաշտպանության կոմիտեի այսօր հրապարակած զեկույցի համաձայն` 2012 թվականի դեկտեմբերի 1-ի տվյալներով աշխարհում 232 լրագրող բանտարկված է:
Լրագրողական միջազգային կազմակերպությունը արձանագրում է, որ 1990 թվականից սկսած, երբ կազմակերպությունը սկսեց նման ուսումնասիրություններ անցկացնել ու զեկույցներ հրապարակել, սա ռեկորդային թիվ է: Անցյալ տարի բանտարկված էր 179 լրագրող, 2010-ին` 145:
«Կառավարությունները քննադատական ձայները լռեցնելու համար լրագրողների դեմ օգտագործում են ահաբեկչության, եւ հակապետական այլ մեղադրանքներ», – նշում է Լրագրողների պաշտպանության կոմիտեն:
«Ահաբեկչությունը, դավաճանությունը, խարխլումը՝ ընթացիկ տարվա ամենատարածված մեղադրանքներ են լրագրողներին բանտարկելու համար», – գրում է կազմակերպությունը` տեղեկացնելով, որ նման մեղադրանքներով առնվազն 132 լրագրող կա բանտարկված:
Ինչ վերաբերում է կոնկրետ երկրներին, ապա ամենաշատ լրագրողներ բանտարկված են Թուրքիայում՝ 49, Իրանում՝ 45 եւ Չինաստանում՝ 32:
Թուրք հայտնի լրագրող Մեհմեթ Ալի Բիրանդը ասել է, որ երկրի օրենքները տարբերություն չեն դնում լրագրողի ազատ արտահայտվելու իրավունքի եւ ահաբեկչությանը օժանդակելու մեղադրանքի միջեւ: Հակապետական մեղադրանքները լրագրողների դեմ օգտագործելը Բիրանդը կոչել է «ազգային աղետ»:
Ամենաշատ լրագրողներ բանտարկված վատ երկրների ցանկում հետխորհրդային տարածքից ընդգրկված են Ադրբեջանն ու Ուզբեկստանը: Ադրբեջանի մասին նշված է, որ ցանկում յոթերորդ «ամենավատ բանտապահը դաժանորեն ճնշում է այլախոհությունը»:
«Քննադատական հոդվածներով հանդես եկող առնվազն 9 լրագրողի իշխանությունը բանտարկել է խուլիգանության, թմրանյութ պահելու եւ դրամաշորթության մեղադրանքներով», – շեշտում է իրավապաշտպան կազմակերպությունը:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն գտնում է, որ այս մեղադրանքները սարքած գործեր են լրագրողների գործունեությունից վրեժխնդիր լինելու համար:
Միջազգային լրագրողական կազմակերպությունը նաեւ նշում է, որ աշխարհում բանտարկված լրագրողների մի մասը տվյալ երկրում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են՝ տասնյակ քուրդ լրագրողներ, խմբագիրներ Թուրքիայում մեղադրվում են հակակառավարական մեղադրանքներով, Չինաստանում 32 բանտարկված լրագրողներից 19-ը Տիբեթից են կամ ուրգույներ են:
Զեկույցը հաստատում է, որ Իրանում բանտարկված բլոգեր Սաթար Բեհեշտին մահացել է: 35-ամյա լրագրողը ձերբակալվել էր հոկտեմբերին՝ ազգային անվտանգության դեմ գործունեության մեղադրանքով: Մյուս կալանավորների պատմելով` հարցաքննությունների ժամանակ նա ենթարկվում էր խոշտանգումների:
Հրաչ Մելքումյան
«Ազատություն» ռադիոկայան