Լրահոս
Օրվա լրահոսը

Խարբերդի եւ Գյումրիի մանկատներից խնամատար ընտանիքները չեն ցանկանում երեխա վերցնել

Դեկտեմբեր 11,2012 15:56

Միջավայրի անմատչելիություն, հասարակության ոչ համարժեք վերաբերմունք, միջին օղակի պաշտոնյաների ոչ պրոֆեսիոնալ մոտեցում: Սրանք այն հիմնական խնդիրներն են, որոնք մեծ խոչընդոտ են հանդիսանում մեր երկրում հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների լիարժեք պաշտպանությանը: Այսօր Կոնգրես հյուրանոցում հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության թեմայով խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել, որին մասնակցում էին սոցիալական ոլորտի գրեթե բոլոր պատասխանատուները, հասարակական կազմակերպություններ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի անդամները:

«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության գործադիր տնօրեն Մհեր Վասիլյանի խոսքերով, բազմաթիվ օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր են ընդունվում, բայց մինչ օրս չունենք մատչելի միջավայր, այսօր հարյուրավոր երեխաներ չեն կարողանում տնից դուրս գալ նախակրթարան, դպրոց կամ ուսումնական հաստատություն հասնելու համար:

Դիմելով Երեւանի քաղաքապետարանի պատասխանատուներին Մհեր Վասիլյանը հարցրեց. «Հայաստանը ներմուծեց մի քանի հարյուր ավտոբուս, դրանցից որքա՞նն են նախատեսված հաշմանդամների համար»:
Քաղաքաշինության նախարարին էլ հարցրեց՝ ինչո՞ւ օրենքի 10-րդ կետը չի գործում, որը հստակ պահանջում է շենք-շինությունները կառուցել հաշմանդամների համար նախատեսված հարմարություններով, մինչդեռ ամենասովորական թեքահարթակը բացակայում է:
Մհեր Վասիլյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին կոչ արեց բարձրացնել խնամատար ընտանիքների դերը եւ խնամքի հաստատություններից երեխաներին ուղղել խնամատար ընտանիքներ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը հայտնեց, որ Խարբերդի եւ Գյումրիի մանկատներից, որտեղ խնամվում են հաշմանդամ երեխաներ, որեւէ խնամատար ընտանիք ցանկություն չի հայտնում երեխա վերցնել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31