Չորս ձկնաբուծական ընկերությունների ՌԴ ձուկ արտահանելու հանդեպ դրված արգելքը` աղիքի ցուպիկի հետ կապված, արդեն հանվել է: Չնայած ձկնաբուծության ոլորտում դեռ մի շարք չլուծված խնդիրներ կան:
«Ձկնաբուծության ոլորտում գործունեություն իրականացնելիս մենք հանդիպում ենք 17 հիմնական խոչընդոտների: Ամենակարեւոր խնդիրներից մեկը` գյուղատնտեսական նշանակության հողերը արտադրականի վերածելն է: Մենք` ձկնաբույծներս, չենք ուզում մեր գյուղնշանակության հողերը վերածենք արտադրականի, քանի որ այդ վերափոխման գործընթացը կապված է մեծ փողերի հետ: Փոքր եւ միջին տնտեսվարող սուբյեկտն այսօր այդքան փող չունի: Դա մեծ հարված է նրանց գրպանին»,- այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայ ձկնաբույծների միավորման գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը:
ՀՀ Գյուղատնտեսության նախարարության ձկնաբուծության բաժնի պետ Տիգրան Ալեքսանյանի խոսքով` իրենք կատարել են իրենց առջեւ դրված երեք ուղղվածության հանձնարարականները:
«Այս տարվա ընթացքում ձկան արտադրությունը հասել է մոտ 8000 տոննայի: Նախորդ տարվա համեմատ` ձկան արտահանման ծավալները նույնպես ավելացել են` մոտ 100 տոննայով: Այս տարի ձկան արտահանման ծավալը կազմել է շուրջ 1000 տոննա: Մեծացել են նաեւ ձկան արտադրության ծավալները: 2011 թվականին այն կազմել է շուրջ 6814 տոննա: 2012 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ այն կազմել է 8151 տոննա, բայց նախատեսում ենք մինչեւ տարվա վերջ հասցնենք մինչեւ 8900 տոննայի: Նաեւ մեծացել է ՌԴ ձուկ արտահանող ընկերությունների քանակը: 2012 թվականին Հայաստանը դարձել է «Եվրոֆիշ» կազմակերպության անդամ: Դա թույլ կտա հայ ձկնաբույծներին իրենց ապրանքը արտահանել եվրոպական երկրներ»,- ասաց
Կարդացեք նաև
գյուղնախարարության բաժնի պետը` հավելելով, որ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է ձկնաբույծների իրավունքների պաշտպանությամբ ու ձկնաբուծության ոլորտի խնդիրներով:
Հայ ձկնաբույծների միավորման գործադիր տնօրենի հավաստմամբ` ջրօգտագործման իրավունքի երկարացումը ձկնաբույծների համար կարող է խնդիրներ առաջացնել:
«Ջրօգտագործման իրավունքի երկարացումը ամեն երեք տարին մեկ պարտադիր է: Առաջ ջրօգտագործման իրավունքի երկարացման համար հինգ փաստաթուղթ էր պետք, հիմա տասներեք փաստաթուղթ է պետք: Բայց ձկնաբույծը պարտավոր չէ լավ բնապահպան կամ լեզվաբան լինել: Ձկնաբույծին պիտի խնամենք, պաշտպանենք, որ չկտրվի իր տնտեսությունից»:
Ի դեպ` ասուլիսին ներկա երկու բանախոսներն էլ բացառեցին շուկայում մենաշնորհի առաջացումը:
Աշոտ ԱԹԱՅԱՆ