Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր. «Հարցը մի քաղաքականացրեք, ես աշխատել եմ թե ՀՅԴ-ական, թե ՕԵԿ-ական, եւ թե ՀՀԿ-ական նախարարների հետ»

Դեկտեմբեր 11,2012 15:40

Օրերս ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանին խիստ նկատողություն էր տվել՝ հոկտեմբերի 23-25-ը ընկած ժամանակահատվածում բուհում իրականացրած վերահսկողության արդյունքում մի շարք խախտումներ հայտնաբերելու պատճառով: Քանի որ բուհի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը ԲՀԿ Գյումրու կառույցի պատասխանատուներից է, սա առիթ էր տվել ենթադրելու, որ ՀՀԿ-ական նախարարը նրան նախագահական ընտրություններին ընդառաջ պատժում է իր քաղաքական հայացքների համար:

Սակայն նախարարն իր ֆեյսբուքյան էջում անմիջապես արձագանքել էր՝ հորդորելով չքաղաքականացնել առօրյա իրենց աշխատանքը, ու մի քանի կետերով բացատրել էր ստուգումների նպատակը: «Ս.թ հոկտեմբերից պետական բոլոր բուհերում մեկնարկել են ուսումնասիրությունները ըստ ժամանակացույցի, ինչի մասին մամուլում անձամբ քանիցս հայտարարել եմ: ԿԳՆ-ն իրականացնում է օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթը: Ուսումնասիրությունների նպատակն է ՀՀ պետական բուհերում կրթական գործընթացի կազմակերպման համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը` ուսանողների և աշխատակիցների իրավունքներ, տեղափոխություններ, քննական գործընթաց և այլն: Հայտնաբերվող խախտումների համար պատասխանատվություն են կրում բուհի համապատասխան աշխատակիցները, այդ թվում` ռեկտորը», – գրել էր Արմեն Աշոտյանը:

Այսօր այս թեմայի շուրջ Aravot.am-ին պարզաբանումներ ներկայացրեց նաեւ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը: «Խնդրում եմ հարցը չքաղաքականացնել, որովհետեւ դեռ մայիս ամսին նախարարի կողմից հանձնարարություն է եղել բոլոր պետական բուհերում անցկացնել տեսչական ստուգումներ: Նախարարը նույնիսկ ժամկետներն է նշել՝ սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր, բացի դրանից, տրվել է բոլոր ստուգվող օղակների ցանկը, ինչպես նաեւ կառավարության որոշումների , նախարարության ակտերը, որոնց կատարումը պիտի ստուգվեր: Իսկ մայիս ամսին, կարծեմ թե, նախագահական ընտրությունները չէին մտել իրենց արտաքին քարոզչական փուլը, չկար այս նույն լարվածությունը: Այնպես որ նորից եմ կրկնում , սա բացարձակ կապված չէ քաղաքականության հետ, անտեղի է հարցը քաղաքականացնելը: Եթե մեր ինստիտուտի ստորաբաժանումներից ամեն մեկը բարեխղճորեն կարողանար նշված հոդվածներով, թե ինչ հատվածներ են ստուգվելու, նորմալ վիճակի բերեր, այս խնդիրը չէր լինի», -ասաց ռեկտորը:

Բուհի ղեկավարի ասելով, ինքը ռեկտորատի բոլոր նիստերում բարձրացրել է այս հարցը, նախազգուշացրել է, որ պատրաստվեն, ստուգումներ պարտադիր լինելու են բոլոր ստորաբաժանումներում : «Չեմ հիշում մի ռեկտորատի նիստ, որ այդ հարցը քննարկված չլինի եւ ես չուզեի ճշտել, թե այդ հարցը ինչ վիճակում է գտնվում: Ճիշտն ասած, բոլոր ստորաբաժանումները՝ ուսումնական մասը, ֆակուլտետները ներկայացրել են, թե ամեն ինչ լավ է, եւ որ ստուգումների պատրաստ են; Գուցե իմ բնավորության գիծն է, չգիտեմ՝ լավ գիծ է, թե վատ, որ հավատում եմ մարդուն, այլապես եթե չես հավատում, ինչ որ տեղ իզուր է ապրել; Հավատացել եմ, որ ամեն ինչ նորմալ է, երեւի սխալվել եմ, որ բուհի ներսում չստեղծեցի հանձնաժողով, որ ստուգումներ անցկացնեին ու տեսնեինք, թե այն, ինչ ներկայացվում է ռեկտորատներում՝ համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ», -ասաց Վարդեւան Գրիգորյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ստուգումների արդյունքում հայտնաբերվել են թերություններ, ստուգող հանձնաժողովը կազմել է ակտ, որը դեռ բուհում չի քննարկվել, ու իրեն կարգապահական տույժի են ենթարկել: «Ճիշտն ասած, ուզել եմ նախարարի հետ հանդիպել հրամանից հետո, բայց նախարարի զբաղվածության պատճառով հանդիպումը տեղի չի ունեցել, եւ վաղը՝ չորեքշաբթի անպայման կհանդիպեմ », -ասաց ռեկտորը:

Վարդեւան Գրիգորյանի ներկայացմամբ, նշված թերությունների մեջ կային կետեր, որոնց հետ բուհը համաձայն չէ, եւ իրենք շատ արագ գրավոր տեսքով արձագանքել են: «Իհարկե վաղը նախարարի հետ հանդիպման ժամանակ կարծում եմ խոսակցություն կգնա այս թեմայի շուրջ, չեմ կասկածում, որ թեեւ իմ, եւ նախարարի կողմից կլինեն որոշակի պարզաբանումներ»:

Ռեկտորը հիշեցրեց, որ տեսչական ստուգումների համար գործում է կարգ, որը նախատեսում է նկատողություն, խիստ նկատողություն, պայմանագրի լուծարում, եւ քանի որ օրենքը չի նախատեսում, թե որ թերացման դեպքում ինչ տույժ է նախատեսում, ուստիեւ նախարարի իրավունքն է եղել խիստ նկատողություն տալը:

Պարոն Գրիգորյանը տեղեկացրեց, որ ակտը քննարկվելու է բուհում եւ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները կստանան իրենց պատիժը, իսկ իրավաբանն արդեն իսկ ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն:

Մենք հետաքրքրվեցինք, եթե չկա քաղաքական որեւէ հետապնդում ու այս ամենը կապված չէ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախագահական ընտրություններում հնարավոր առաջադրման հետ , ապա ինչո՞ւ է հարցը հենց այդպես մեկնաբանվում, հնարավո՞ր է նման կերպ մտածելու առիթ տար այն, որ ԱԺ ընտրություններից առաջ բուհի դեկաններից մեկին ձերբակալեցին, քրեական գործեր հարուցվեցին: «Ես ոչ առաջին տարին եմ աշխատում որպես ռեկտոր, արդեն տասներորդ տարին է: 10 տարվա մեջ մի քանի համապետական, քաղաքական գործընթացներ են ընթացել, ես աշխատել եմ եւ դաշնակցական նախարարների, եւ «Օրինաց երկրի» նախարարների հետ, այն ժամանակ էլ են եղել Ազգային ժողովի ընտրություններ, ես գիտեմ, որ գոնե ռեկտորները այդ ամեն ինչից ձերբազատված են: Ես աշխատել եմ եւ դաշնակցական Լեւոն Մկրտչյանի, եւ Սպարտակ Սեյրանյանի , Սերգո Երիցյանի հետ, որն ՕԵԿ էր, աշխատում եմ հանրապետական Արմեն Աշոտյանի հետ: Ես վստահեցնում եմ, որ նման բան ինձ վրա մինչեւ հիմա չեմ զգացել, որովհետեւ 22 տարվա մեջ՝ սկսած 1990 թվականից, երբ սկսել եմ զբաղվել քաղաքականությամբ՝ ընտրվելով ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, եթե ես որեւէ բան նկատել եմ, անպայման արձագանքել եմ: Այս պարագայում գուցե կան թերություններ, որոնց հետ համաձայն չեմ, բայց փաստն այն է, որ թերությունները կան», -պարզաբանեց Վարդեւան Գրիգորյանը:

Թե ի՞նչ ակտ է կազմել նախարարությունը, ի՞նչ թերությունների մասին է խոսքը, փաստաթղթերին կանդրադառնանք մի փոքր ուշ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31