Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն կհյուրընկալի ՅՈՒՆԵՍԿՕ-ին, հայկական կողմն էլ իրավասու չէ առարկել

Դեկտեմբեր 11,2012 15:29

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի հաջորդ նստաշրջանը կանցկացվի Ադրբեջանում` 2013-ի դեկտեմբերին: Այս մասին տեղեկանում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքէջից: Եվ սա այն այն դեպքում, երբ Ադրբեջանն իրականացրել է Ջուղայի խաչքարերի սպանդը, ինչը պատշաճ դատապարտման չի արժանացել ո՛չ միջազգային հարության ու կառույցների կողմից, ոչ էլ Ադրբեջանն է հրապարակավ ընդունել իր մեղքը:

Aravot.am-ը Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային կոմիտեի քարտուղար Քրիստինա Մեհրաբեկյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ հայկական պատվիրակությունը, որի կազմում իրենից բացի, նաեւ ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանն էր, որեւէ կերպ չի արձագանքել այդ որոշմանը: Տիկին Մեհրաբեկյանը հեռախոսով պատասխանեց, որ իրավասություն չունի հարցազրույց տալու, ապա հավելեց. «Հայաստանյան պատվիրակությունը չի կարող նման բանն առարկել կամ չընդունել, որովհետեւ դա պրոցեդուրային հարց է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանն է որոշում»:

Հիշեցնենք, որ այս տարվա դեկտեմբերի 5-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 7-րդ նստաշրջանում «Սասնա ծռեր» էպոսի կատարողական դրսևորումները» հայտը քննարկվել եւ ապա ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Ընդ որում՝ տարբեր երկրների կողմից ներկայացված 70 հայտերից 36-ն էին ստացել դրական փորձագիտական եզրակացություն եւ ընդգրկվել նստաշրջանի օրակարգում: Նույն ցանկում է ընդգրկվել նաեւ թառը՝ իբրեւ ադրբեջանական նվագարան, ինչը panorama.am-ի մատուցմամբ, հարուցել է իրանցի երաժշտագետների դժգոհությունը: Նրանք դա որակել են գողություն ադրբեջանցիների կողմից եւ դժգոհել, թե ո՞ւր էին քննարկման ժամանակ իրանցի պատվիրակները:

Ի դեպ, անցյալ տարի հունիսին ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ հունիսի 15-24-ը կազմակերպել էր «Խաչքարերի արվեստը. Հայկական խաչքարեր» խորագրով ցուցահանդես: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրինությունը հեռացրել էր բացատրական գրությունները լուսանկարների տակից՝ թողնելով միայն խաչքարերի ստեղծման տարեթվերը: Հայկական պատվիրակությունը համառել էր, ի պատասխան դրա՝ սրահից դուրս էր տարվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը, արդյունքում՝ բացման արարողությանը ղեկավարությունը չէր ներկայացել:

Ավելի վաղ՝ 2010-ին, հայկական խաչքարերը՝ ոչ նյութական մշակութային ժառանգություն ճանաչելու կապակցությամբ Ադրբեջանը բողոք էր արտահայտել՝ պնդելով, թե խաչքարերը «միայն հայկական չեն»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31