«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն այսօր հայտարարեց, որ դուրս է գալիս Սեւանի հանձնաժողովից: Նա պատճառաբանում է, որ գլխավոր խնդիրը սեւանա լճի մակարդակի բարձրացման հարցում կատարված «նորոմուծությունն է», ըստ որի ժամանակացույց է սահմանվել, որով թույլատրվում է լճի մակարդակի բարձրացումը տարեկան 20 սմ-ով եւ այդպիսով 2031 թվականին լճի մակարդակը պետք է հասնի 1903,5 մետրի:
Նրան զայրացրել է նաեւ, որ Սեւանի հետ կապված փաստաթղթերը գաղտնի է պահվում, եւ նախարարի հատուկ թույլտվությունից հետո միայն կարող են հանձնաժողովի անդամները դրանք ձեռք բերել եւ ծանոթանալ:
Հակոբ Սանասարյանի խոսքերով, «Սեւանից ձկների կողոպուտը շարունակվում է, Սիգը չունի բնական պոտենցիալ, Սեւանի ափամերձ տարածքները չեն մաքրվում»: Բնապահպանը համոզված է, որ Սեւանի ջուրը նպատակային չի ծախսվում. «Հունիսի 20-ին Սեւանից ջրային ոլորտի պատասխանատուները վերցրել են 99 միլիոն խորանարդ մետր ջուր ոռոգման նպատակով, պատճառաբանելով, որ երաշտ է, բայց ձնածածկույթը նորմայից բարձր է եղել 2-3 անգամ»: Ըստ նրա Արտակարգ իրավիճակների նախարարության եւ հայպետհիդրոմետ ծառայության կանխատեսումներվ Ապարանի եւ Ազատանի ջրամբարները հարյուր տոկոսով պետք է լցվեին, քանի որ ձնածածկույթը նորմայից բարձր է եղել 2-3 անգամ, անգամ ջրհեղեղ էր սպասվում եւ կանխարգելիչ քայլեր էին անում, սակայն հետո պարզվեց Ապարանի ջրամբարը 30-35 տոկոսով է լցվել, ինչը խիստ կասկածի տեղիք է տալիս:
Պարոն Սանասարյանի տվյալներով, 4700 շենք -շինություն կա Սեւանի ափամերձ տարածքներում, որոնց մեծ մասը ապօրինի են կառուցվել: Հակոբ Սանասարյանը չի բացառում, որ այդ օբյեկտները ջրի տակ չթողնելու համար են Սեւանի ջրերն իջեցնում: Բնապահպանի այլ մտահոգությունները Սեւանի վերաբերյալ` տեսանյութում.
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ