«Բարոմետր» միջազգային սոցիոլոգիական կազմակերպությունը վերջերս Հայաստանում կատարել է հարցում, որի արդյունքների համաձայն` Հայաստանի բնակչության շուրջ 60 տոկոսը խիստ դրական է վերաբերվում Եվրասիական միությանն ինտեգրվելու գաղափարին: Այս մասին այսօր` «Փաստարկ» ակումբում հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
«Եվրասիական միությանը եւ Եվրամիությանը ինտեգրվելու խնդիրը կարելի է դիտարկել մի քանի հարթության վրա: Վերլուծաբանների կարծիքով, մեր հանրության մեծ մասը թերահավատորեն է մոտենում Եվրասիական միությանը, բայց սոցիոլոգիական հարցումներն այլ բան ցույց տվեցին: Դա բնական է, քանի որ դեպի Հայաստան դրամական փոխանցումների մեծ մասը Ռուսաստանից է գալիս: Իրատեսական մոտեցման համաձայն` Եվրասիական միությունը եւ Եվրամիությունը ոչ թե իրար հակասող, այլ լրացնող նախագծեր են: Սա խիստ կարեւոր եւ ճիշտ հանգամանք է, որովհետեւ երկու նախագիծն էլ արտացոլում է գլոբալիազացվող աշխարհի ինտեգրման գործընթացները: Ինչպես հայտնի է, արեւելյան եւ արեւմտյան կիսագնդերում ընթանում են ինտեգրման գործընթացներ»,-ասաց Հարությունյանը:
Նա փաստեց, որ Հայաստանը կոլեկտիվ անվտանգության կազմակերպության ակտիվ անդամ է եւ ՆԱՏՕ-ի հետ ունի անհատական գործունեության ծրագրեր. «Մեր ռազմական դոկտրինայում գրված է, որ Եվրամիությունը եւ Եվրասիական միությունը բարձրացնում են մեր ազգային անվտանգության համակարգը, հետեւաբար` այդ միությունների միջեւ հակասություններ չկան, ավելին` ինտեգրումը օգտակար կլինի Հայաստանի համար: Խնդիրներ, իհարկե, կան, բայց պետք չէ դրանց մոտենալ չափազանց հոռետեսությամբ կամ էնտուզիազմով: Օրինակ, մենք ընդհանուր սահման չունենք Եվրամիության եւ ենթադրվելիք Եվրասիական միության հետ, փոխարենը` մեր առեւտրի զգալի մասը տեղի է ունենում Վրաստանում, որի հետ կնքել են ազատ առեւտրի համաձայնագիր: Բացի այդ, Եվրամիությանն ինտեգրվելու գործընթացը տասնյակ տարիներ է ընթանում, իսկ Եվրասիական միությունը կարծես փորձում է առավել դինամիկ զարգանալ: Նաեւ չմոռանանք, որ Եվրասիական միությունը ետխորհրդային երկրների միություն է, իսկ ԱՊՀ-ն իրեն չարդարացրեց. այդ առումով ԱՊՀ-ի ձեւաչափը կարող է լինել Եվրասիական միությունը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ