Այսօր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի բակում տեղի ունեցավ ճապոնական սակուռայի խորհրդանշական ծառատունկ:
ԵՊԼՀ արեւելյան լեզուների ամբիոնի վարիչ Արթուր Իսրայելյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ամիսներ առաջ համաձայնություն է ձեռք բերվել Ճապոնիայի Կագավա համալսարանի հետ` ԵՊԼՀ-ում համատեղ միջոցառում անցկացնելու համար. «Երեկ տեղի ունեցավ միջոցառման բացումը: ԵՊԼՀ եւ Ճապոնիայի Կագավայի համալսարանի ուսանողները ներկայացրեցին իրենց բուհերը: Կագավայի համալսարանից ժամանել է հինգ ուսանող: Արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն` տնկել երկու ծառ` ի նշան երկու երկրների բարեկամության: Ըստ ճապոնացի մասնագետների, սակուռան ունի մի քանի հարյուր տեսակ»:
Իսրայելյանը հավելեց, որ Կագավայի համալսարանի ներկայացուցիչները ժամանել են ԵՊԼՀ-ի ճապոնացի դասախոսի հրավերով:
Կարդացեք նաև
Մեր զրուցակցի խոսքով. «Ուսանողների փոխանակման մասին խոսվել է, սակայն ֆինանսական ծախսերի պատճառով ԵՊԼՀ ուսանողները դեռեւս չեն կարող ուղարկվել Ճապոնիա: Կագավայի համալսարանի ուսանողներն արդեն երկրորդ անգամ են գալիս մեզ մոտ: Ակնկալում եմ, որ ուսանողների փոխանակությունը տեղի կունենա ապագայում, եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ