Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը վստահ է, որ 2013 թվականի նախագահական ընտրություններում ընտրողների 81 տոկոս ձայն է հավաքելու:
«Եթեներ գոյություն չունեն, նորից եմ կրկնում, ես ստանալու եմ ընտրողների 81 տոկոսը : Եթեներ չկան, չեմ պարտվելու»,- այսօր ասուլիսում վստահեցրեց պարոն Սեդրակյանը:
Առաջինը, ինչ նա անելու է նախագահի պաշտոնում, Ազգային ժողովը ցրելն է լինելու. «Լուծարելու եմ Ազգային ժողովը, որովհետեւ այն արդար չի ձեւավորվել եւ նշանակելու եմ Ազգային ժողովի նոր ընտրություններ: Եվ լինելով Հայաստանի նախագահ, ունենալով ուժային բոլոր լծակները՝ հետեւելու եմ, որ ընտրություններն արդար անցնեն: Թե արդյունքում որ կուսակցությունն ինչքան ձայն կհավաքի՝ կախված է այդ կուսակցության աշխատանքից»:
Էպոսագետի հաջորդ քայլը նախագահի պաշտոնում մեծամասնական ընտրակարգը վերացնելը, Արցախի անկախությունը ճանաչելը, Նախիջեւանը Հայաստանի մաս ճանաչելը եւ Ջավախքը Հայաստանին վերամիավորելն է լինելու:
Կարդացեք նաև
Պարոն Սեդրակյանը նախագահ դառնալուց հետո ճանաչելու է նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը. «Եթե հայերս գտնում ենք, որ արդար է՝ Ադրբեջանի տարածքում ապրող հայերը կարողանան դուրս գալ Ադրբեջանի տարածքից եւ իրենք որոշեն ինչպես ապրել՝ անկախ, թե Հայաստանի հետ միավորված, ինչու չպետք է ճանաչենք աբխազների օրինական իրավունքը անկախ պետություն ունենալու հարցում»:
Իսկ նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին ու գործող նախագահ Սերժ Սարգսյանին էպոսագետը պատրաստվում է նշանակել ավագ խորհրդականի պաշտոնին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ