Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան ամփոփեց մրցաշրջան 2012-ը
Տարվա ընթացքում կատարած ֆինանսական ծախսերի մասին մանրամասն հաշվետվություն ներկայացրեց ֆեդերացիայի գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանը, որը մեկ առ մեկ ներկայացրեց, թե պետական բյուջեից ստացված 10 միլիոն դրամ աջակցության գումարը որտեղ եւ ինչի վրա է ծախսվել: Դրանք հիմնականում եղել են հանրապետության առաջնությունները, ուսումնամարզական հավաքները եւ միջազգային մրցումները: Գործադիր տնօրենը հաշվետու եղավ նաեւ հովանավորչական գումարների մասով, որոնք, նախորդ տարվա համեմատ, 2012-ին զգալիորեն նվազել են:
Ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին հարց բարձրացրեց, որ գրեթե նույն ֆինանսական միջոցների պայմաններում, համեմատած անցած մրցաշրջանի հետ, 2012-ին արդյունքների նահանջ է գրանցվել, որից հետո ելույթի իրավունք տրվեց Հեծանվային սպորտի օլիմպիական ՄՊՄԴ տնօրեն Ալբերտ Սոլոյանին, որը հիմնականում անձամբ է գլխավորել հեծանվորդների արտասահմանյան մրցելույթների մեկնած հավաքականները: Պարոն Սոլոյանը իր ղեկավարությամբ Հայաստանի հեծանվորդների մասնակցությունները միջազգային ասպարեզներում գնահատեց բավարար, չնայած եղել են նաեւ մեկնարկներ, որտեղ նրանք վերջին տեղեր են գրավել: Նա դրանք պատճառաբանեց նյութատեխնիկական բազայով եւ մարզաձեւին հատկացված դրամական խիստ սուղ միջոցներով: Դրա համար նա մեղադրեց ֆեդերացիայի ղեկավարությանը, որը, նրա խոսքերով, նախ արդյունավետ չի պլանավորում եղած սուղ միջոցների ծախսերը, ապա չի կարողանում լրացուցիչ հովանավորչական ֆինանսների մուտք ապահովել ֆեդերացիա: Ի պատասխան՝ ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին եւ նիստին ներկա եւս մի քանի մասնագետներ Ալբերտ Սոլոյանին հիշեցրին, որ հաշվի առնելով նախորդ տարվա համեմատաբար բարձր արդյունքները՝ ֆեդերացիան դրանք շարունակական դարձնելու եւ զարգացնելու նպատակով նրան «քարտ բլանշ» էր տվել՝ վստահելով առկա միջոցները մարզչական խորհուրդի հետ համատեղ ըստ նպատակահարմարության տնօրինումը: Նիստում պարոն Սոլոյանին առաջարկվեց նաեւ հաշվետվություն ներկայացնել իր ղեկավարած մարզադպրոցին առանձին հատկացվող 27 միլիոն դրամ գումարի ծախսերի մասին: Սակայն բանախոսը դրանից խուսափեց՝ շարունակելով քննադատության սլաքն ուղղել ֆեդերացիայի ղեկավարության վրա: Համենայնդեպս, տպավորությունն այդպիսին էր: Անպատասխան մնացին նաեւ ֆեդերացիայի միջոցներով փոխհատուցման պայմաններով մեկնած արտագնա մրցելույթներից հետո այդ գումարները ետ չմուտքագրելու մասին հարցերը: Հնչած կարծիքին, որ ֆեդերացիայի բյուջեն այնքան սուղ է, որ ամենաթանկ մարզաձեւերից համարվող հեծանվային սպորտում ցանկության դեպքում էլ այն արդյունավետ կամ անարդյունավետ օգտագործել հնարավոր չէ եւ առաջարկին, որ լրացուցիչ գումարների հայթայթումով պետք է զբաղվեն ֆեդերացիայի բոլոր անդամները՝ յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում, Ալբերտ Սոլոյանը հակադարձեց, թե դա իր պարտականությունների մեջ չի մտնում: Այդ տեսակետին չհամաձայնեցին նիստին ներկա ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը եւ «Հայաստան» մարզական միության նախագահ, ՀԱՕԿ-ի 1-ին փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը: Նրանք նշեցին, որ, իրոք, պետական բյուջեից հեծանվային սպորտին հատկացվող տարեկան 10 միլիոն դրամը շատ քիչ է եւ դա լավագույն դեպքում կարող է բավարարել տարվա ընթացքում ընդամենը մեկ-երկու միջազգային մրցման մասնակցելուն: Քանի որ վերջին երկու տասնամյակում մարզաձեւը գոյատեւել է հիմնականում հանրապետությունում աշխատող եւ արտասահման տեղափոխված նվիրյալների անշահախնդիր աշխատանքի եւ անգնահատելի աջակցության շնորհիվ եւ հիմա արդեն կյանքի նշաններ է ցույց տալիս, նույն նվիրյալ մասնագետները պետք է ավելի միավորվեն եւ յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում անի հնարավոր ամեն բան՝ այս դժվարին ժամանակներում հեծանվային սպորտն առաջ տանելու համար՝ մինչեւ խնդրի կարգավորման հուսալի եւ կայուն միջոցներ կգտնվեն: Իսկ այդ ժամանակները, ենթադրաբար, այնքան էլ հեռու չեն:
Կարդացեք նաև
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ