Վիճակագիր Անի Քալաշյանի տվյալներն ու մեկնաբանությունները
Վիճակագիր-տնտեսագետ Անի Քալաշյանն ուսումնասիրություն է իրականացրել ամուսնությունների ու ամուսնալուծությունների թեմայով: «Եթե դիտարկենք գրանցված ամուսնություններն ու ամուսնալուծությունները 22 տարվա կտրվածքով՝ 1990-ականներից մինչեւ 2012-ը ներառյալ, ու ամուսնությունները պատկերենք կորի տեսքով, ապա կորագիծը մինչեւ 2000 թվականը կունենա նվազող տեսք, իսկ 2000-2009 թթ.՝ աճող, ինչ վերաբերում է 2009-2012-ին, ապա այդ շրջանում ամուսնությունների թիվը կտրուկ նվազել է»,-նշում է նա:
Ըստ Քալաշյանի, եթե 1990-ին Հայաստանում գրանցվել է 28233 ամուսնություն, ապա 2000 թվականին այս ցուցանիշը նվազել է 61%-ով եւ կազմել 10986 ամուսնություն: Նրա ասելով, մինչեւ 2000 թվականը ամուսնալուծություններն ունեցել են նվազող միտում. եթե 1990թ. գրանցվել է 4347 ամուսնալուծություն, ապա 2000 թվականին այդ ցուցանիշը 69%-ով նվազել է (1343 ամուսնալուծություն): Վիճակագիրը փաստում է՝ վերջին 22 տարվա ընթացքում ամուսնություններն ամենաքիչն են եղել 2000 թվականին: Ամենաշատը Հայաստանում ամուսնացել են 2009-ին՝ 18773 ամուսնություն: Թե տղամարդիկ եւ թե կանայք ամենաքիչն են ամուսնանում 16-19 եւ 55-59 տարիքային խմբերում:
Պարզվում է՝ ամուսնալուծությունների թվով մշտապես առաջատարը Լոռու մարզն է (այս տարի գրանցվել է 337 ամուսնալուծություն), ավելի քիչ են բաժանվում Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզերում (յուրաքանչյուրում՝ 104 ամուսնալուծություն): Ամենաշատ ամուսնություններ գրանցվում են Կոտայքի, Արմավիրի մարզերում:
Ինչ վերաբերում է միջին ամուսնական տարիքին, 22 տարվա կտրվածքով այն բավականին տատանում է տվել թե տղամարդկանց, թե կանանց շրջանում: Ըստ վիճակագրի, եթե 1990թ. քաղաքային շրջանում տղամարդկանց միջին ամուսնական տարիքը 25,8 էր, ապա 2012-ին՝ 29, քաղաքաբնակ կանանցն էլ՝ 22,8-ից դարձել է 25,6: Գյուղաբնակ տղամարդկանց մոտ այդ թիվը 25,3-ից դարձել է 28, կանանց մոտ՝ 21,3-ից 23,9:
Անի Քալաշյանը համոզված է, որ կնոջ ազատականության աստիճանի մեծացումը լուրջ գործոն է ամուսնալուծություններում: Նա մի բան էլ է փաստում. «Եթե նախկինում մինչեւ ամուսնանալը ծնողներից առանձին ապրելը համարվում էր արտասովոր, այժմ երիտասարդների համաբնակեցումը, որը ոչ միշտ է ամուսնությամբ ավարտվում, տարօրինակ չի դիտվում: Համաբնակեցումը տարածված է, օրինակ, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, այժմ նաեւ Հայաստանում: Ընդ որում՝ ինչքան տնտեսապես զարգացած են երկրները, այնքան թույլ է ընտանիքի ամրությունը»: Վիճակագիրը նաեւ նկատում է՝ վերջին շրջանում Հայաստանում հանգիստ են վերաբերվում այլազգիների հետ ամուսնությանը, ինչը տարածված է հատկապես տարիքով ավելի մեծ կանանց շրջանում:
Անի Քալաշյանը կարծում է, որ ամեն դեպքում, ամուսնալուծությունը չպետք է դիտարկել որպես պաթոլոգիա. «Շատ դեպքերում ամուսնալուծությունը փրկում է ողբերգությունից՝ թե զույգերին, թե երեխաներին»:
Ինչ վերաբերում է ամուսնությունների եւ ամուսնալուծությունների ցուցանիշին, ապա Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2012-թ. հունվար -սեպտեմբեր ամիսներին, համեմատած 2011-ի նույն շրջանի հետ, ամուսնությունները 6,6%-ով նվազել են՝ կազմելով 13,828:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ