Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեւանի կոնսերվատորիան օրինակ է բերվում ԵԽ-ում

Դեկտեմբեր 11,2012 13:26

Ստորագրվել է հերթական հուշագիրը

2012թ. Եվրոպական երաժշտական բարձրագույն ուսումնական կրթօջախների ասոցիացիայի (AEC) անդամ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան Մոսկվայի, Վրաստանի, Սանկտ Պետերբուրգի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի Լիոն քաղաքի, Անգլիայի թագավորական ակադեմիայի եւ Նորվեգիայի Ագդերի իր կոլեգաների հետ վերջին շրջանում հուշագիր վավերացնելուց հետո, երեկ էլ հուշագիր ստորագրեց Ամստերդամի թագավորական կոնսերվատորիայի հետ: Փաստաթուղթը ստորագրեցին Երեւանի կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը (լուսանկարում) եւ Ամստերդամի կոնսերվատորիայի տնօրեն Յանիկե Վան Դեր Վայկը:

«Առավոտի» հարցին՝ ինչո՞վ է բացատրվում մեկը մեկի հետեւից հուշագրերի ստորագրումը, պարոն Շահինյանը պատասխանեց. «Նախ՝ հուշագիրը ստորագրվում է ուսանողների եւ դասախոսների փոխանակության ու փոխայցելության, մասնագիտական որակավորման բարձրացման նպատակներով, ինչպես նաեւ այս գործընթացն արվում է բուհի ճանաչման նպատակով: Ժամանակի ընթացքում ամենատարբեր շփումների արդյունքում եվրոպական բուհերը մոտիկից կճանաչեն մեզ, ինչն էլ հնարավորություն կտա, հետագայում իհարկե, մեր կոնսերվատորիայի ուսանողների ու շրջանավարտների ազատ ու անխոչընդոտ մշակութային գործունեությունը Եվրոպայում: Մինչեւ 2014թ. նախատեսել ենք հավատարմագրման գործընթաց սկսել նաեւ այլ բուհերի հետ, ինչի արդյունքում մենք ձեռք կբերենք գործընկերներ եւ ուսումնական ծրագրերից մինչեւ էկոնոմիկայի փոխադարձ ուսումնասիրությունների արդյունքում, ընդհանուր չափանիշներով, նույն հարթության վրա կանգնել»:

Ռեկտորը հավելեց, որ Երեւանի կոնսերվատորիան օրինակ է բերվում նաեւ Եվրախորհրդում, մանրամասնելով. «Վերջերս ես եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը գտնվում էինք Բրյուսելում, որտեղ Լեհաստանի Ադամ Միցկեւիչի անվան ինստիտուտը Հայաստանի օրինակով Եվրոպայում երիտասարդական նվագախումբ ստեղծելու առաջարկով դիմել էր ԵԽ: Վերջինիս նախագահ Հերման վան Ռոմպեյի նախագահությամբ նիստում ես ներկայացրի երիտասարդական նվագախմբի անհրաժեշտությունը ոչ միայն երիտասարդներին դասական արվեստ ներգրավելու առումով, այլեւ քաղաքական նշանակությամբ, օրինակ բերելով 2011թ. Երեւանում կայացած Սպիվակովի ղեկավարությամբ ԱՊՀ երկրների միացյալ սիմֆոնիկ նվագախմբի ելույթը, որտեղ այլ ազգությունների շարքում ստեղծագործում են ադրբեջանցի եւ հայ երաժիշտները: Արդյունքում լեհերը Եվրախորհրդից հավանություն ստացան՝ ստեղծելու եվրոպական միացյալ երիտասարդական նվագախումբ»:

Ամստերդամի թագավորական կոնսերվատորիայի տնօրեն Յանիկե Վան Դեր Վայկը մեր այն հետաքրքրությանը, թե մինչ Հայաստան ժամանելը ծանո՞թ էր Երեւանի կոնսերվատորիայի գործունեությանը, պատասխանեց. «Ընդհանուր տեղեկություններ ունեինք: Եվ այն փաստը, որ ԽՍՀՄ-ում երաժշտական բարձրագույն ուսուցումը բարձր մակարդակի էր ու մեր դասախոսներից ոմանք աշխատելով Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում, առիթի դեպքում մշտապես հիացմունքով են արտահայտվել տեղի հայազգի պրոֆեսորների հասցեին: Սա արդեն Երեւանի կոնսերվատորիայի հետ պաշտոնական բարեկամական կապեր հաստատելու նախադրյալ էր: Մի քանի օր է՝ ինչ ծանոթանում ենք ձեր կոնսերվատորիայում տեղի ունեցող անցուդարձին ու համոզվում դրանում»:

Տիկին Ռոմպեյի հետ ժամանած ճանաչված երաժիշտ, Ամստերդամի կոնսերվատորիայի թավջութակի դասարանի ղեկավար Մարթեն Մոսթերտից հետաքրքրվեցինք՝ ինքը հեղինակավոր փառատոնի նախագահն է, ինչո՞ւ հայ թավջութակահարները մինչ օրս մասնակցություն չեն ունենում այդ փառատոնին: Մեր զրուցակիցը ժպտալով նախ ասաց, թե հիացած է հայ թավջութակահարներով ու շախմատիստներով, հետո էլ հավելեց. «Արդեն բարեկամներ ենք Երեւանի կոնսերվատորիայի հետ եւ 2014-ին Հայաստանից թավջութակահարների խումբ կհրավիրեմ՝ փառատոնային համերգներին մասնակցելու համար»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31