Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուղացին ո՞վ է, որ Սամվել Ալեքսանյանի պես մեծությունը հետը քյալլա զարկի»

Դեկտեմբեր 11,2012 13:23

Օրերս Ազգային ժողովի աշխատանքները լուսաբանող լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարել էր, որ ինքը երկու տարի է՝ շաքարավազ չի ներկրում, այլ իր սեփական «զավոդն» է աշխատեցնում, քանի որ գործարանի վրա 100 միլիոնից ավելի փող է ներդրել ու սարքել՝ հումքն էլ ներկրում է Բրազիլիայից: Ու իր ճշտախոս լինելը ապացուցելու համար առաջարկել էր. «Հենց հիմա կարաք նստեք, մեր մաշինով եթանք նայենք»: Երեկ «Առավոտ»-ը հետամուտ եղավ պարոն Ալեքսանյանի խոսքերին եւ Ախուրյանի ու շրջակա գյուղերի բնակիչներից փորձեց հետաքրքրվել՝ իրո՞ք այդպես է:

Նշենք, որ նրա շաքարի գործարանը գտնվում է Ախուրյանի վարչական տարածքում եւ երկու տարի առաջ՝ դեկտեմբերի 7-ին նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ մեծ հանդիսավորությամբ բացվելուն պես՝ մի շաբաթ անց փակվել էր՝ անգործ թողնելով ու հուսախաբ անելով տասնյակ մարդկանց: Մեզ հաջողվեց պարզել, որ այս անգամ գործարանը, բարեբախտաբար, աշխատում է, եւ շրջակա գյուղերից, օրինակ՝ Ազատանից, Ախուրյանից, Կամոյից շատ մարդիկ գնում են այնտեղ աշխատանքի: Անցած կիրակի՝ թիվ 35 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ լրացուցիչ ընտրությունների ժամանակ, Կամո գյուղի հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամներից մեկը ականատես էր եղել, որ մի քանի ընտրողներ վաղ առավոտյան խմբակային գալիս են քվեարկության, եւ երբ հետաքրքրվել են, թե ինչու են այդքան շուտ եկել, մի բան էլ այդպես շտապում են, մարդիկ պարզաբանել են, որ իրենք շաքարի գործարանի աշխատակիցներ են, եւ այդ պահից բացի՝ որեւէ այլ ժամի քվեարկության գալը հարմար չէ: Մի քանի գյուղապետեր եւս հաստատեցին, որ շաքարի գործարանը այս պահին աշխատում է, նրանք այս մասին տեղյակ են, որովհետեւ իրենց գյուղից եւս աշխատակիցներ կան: Հետաքրքիրն այն է, որ Շիրակի մարզպետարանը գործարանի աշխատել-չաշխատելու մասին տեղեկություններ չունի: Երբ զանգահարեցինք գյուղվարչություն՝ այս հարցը ճշգրտելու, կարճ կապեցին՝ ասելով. «Պաշտոնական տեղեկություններ չունենք»: Մեր այն հարցին էլ՝ Ձեզ Սամվել Ալեքսանյանը հաշվետվություն չի՞ ներկայացնում, նեղսրտեցին. «Ճիշտ է, գործարանը մեր մարզում է, բայց նա իր հաշվետվությունները Երեւան է ներկայացնում, մեր հետ կապ չունի»: Գյուղապետերից մեկն էլ, որի անուն-ազգանունը նրա խնդրանքով չենք հրապարակում՝ խնդիրներից խուսափելու պատճառով, այսպես արձագանքեց ԱԺ պատգամավորի՝ լրագրողների հետ ունեցած վերջին ճեպազրույցին. «Գիտեք ինչ, Սամվել Ալեքսանյանը ինքը ձեւում ու չափում է, ինքը կտրում ու կարում է, արտոնյալ խավ է, խաթրին ո՞վ կարող է կպնի, նա ինքն է որոշում՝ ոնց աշխատի, ինչ հումքով աշխատի, ինչ գին թելադրի: Սամվել Ալեքսանյանը ինքը ներկրում է, ինքն էլ արտադրում, բրազիլական պոլուֆաբրիկատն էլ գերադասում է տեղական հումքից, եւ բացատրեմ ինչու՝ միգուցե սա իր վրա ավելի էժան է նստում, քան գյուղացիների հետ գործ բռնելը, ճակնդեղ ցանել տալը, երեւի իրեն մաքսայինում յուրահատուկ զեղչեր են անում: Իսկ գյուղացու հետ աշխատելու դեպքում նա պարտավորվում է հողի ագրոքիմիական կազմը հարմարեցնել ճակնդեղի արտադրության համար, իսկ սա բավականին ծախսատար է, պատգամավորի համար գլխացավանք է: Դրա համար էլ գյուղացիների արտադրածի վրա ինքը հեչ վրա էլ չի պրծնում, այդ հարցում միայն կառավարությունն էր շահագրգռված: Սկզբի համար Սամվել Ալեքսանյանին պետք էր, որ ստրատեգիական նշանակություն ունեցող գործարան կառուցելու անվան տակ պետական վարկեր ստանար: Հո միայն իր միջոցներով չի՞ կառուցել. սկզբում խաբեց, համոզեց, որ իր ծրագրով իրոք գյուղացիների վիճակն էլ կբարելավվի, հետո էլ մտածեց՝ գյուղացին ո՞վ է, որ իր պես մեծությունը գյուղացու հետ քյալլա զարկի, լավ է՝ պոլուֆաբրիկատը գնա բերի ու ինչ գնով ուզի՝ շաքարը հրամցնի»: Նշենք, որ գյուղապետերի ասելով՝ գյուղացիները այստեղ աշխատում են գիշեր-ցերեկ, մարդիկ են հավաքագրված տարբեր գյուղերից, իսկ թե ինչքա՞ն աշխատավարձի մասին է խոսքը, վերջիններս իրոք գաղափար չունեին:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31