Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Տեր-Պետրոսյանը սատարի Ծառուկյանին, նրա ձայների մի մասը կգնա Սերժ Սարգսյանին»

Դեկտեմբեր 11,2012 13:20

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքում չի բացառում կոմպրոմատային քարոզչությունը, իսկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով՝ բանը դրան չի հասնի: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ նախագահական ընտրություններում սպասվելիք քարոզչական տեխնոլոգիաների մասին նրանց «Դեմ առ դեմ» բանավեճից :

Սամվել Մարտիրոսյան- Հայաստանում այսօր տարօրինակ իրավիճակ է՝ այն առումով, որ նախագահական ընտրություններում հասարակության ներգրավվածությունը միշտ ավելի մեծ է եղել, քան խորհրդարանականում: Մինչդեռ հիմա հակառակն է. անցած խորհրդարանական ընտրությունները շատ բուռն անցան, իսկ գալիք նախագահական ընտրություններում մենք փաստացի եկել ենք մի վիճակի, երբ շուտով կսկսվի խոզի բդի սեզոնը, սակայն մենք առայսօր չգիտենք, թե ընդդիմությունն ինչ է անելու: Եվ եթե մոտակա օրերս ընդդիմությունը հայտարարի էլ, ինձ թվում է՝ այլեւս այդ ամենը բավական լղոզված է անցնելու, որովհետեւ այն զանգվածը, որը կարող է ինչ-որ մեծ փոփոխություններ բերել, զբաղվելու է իր Նոր տարվա գործերով՝ մինչեւ հունվարի կեսը:

«Առավոտ»- Այսինքն՝ ըստ էության, քաղաքական պայքարի համար ժամանակ չի՞ մնում:

Ս. Մ.- Ժամանակն իրականում անցել է մի քանի ամիս առաջ: Այս ընտրությունները շատ տարօրինակ են: Անցած՝ 2008-ի նախագահական ընտրությունները սկսվեցին փաստորեն արդեն սեպտեմբեր ամսից: Իսկ այսօրվա դրությամբ ինչքան ժամանակն առաջ է գնում, այնքան անհասկանալի է ամեն ինչ դառնում: Բացի այդ՝ մարդկանց ուշադրությունն արդեն շեղվել է, եւ նրանք չեն ներգրավվելու: Այս տեսանկյունից, երբ մրցակից թիմերը սկսեն քարոզչությունը, այն ընթանալու է միջկուսակցական զանգվածների մեջ:

«Առավոտ»- Պարոն Ադիբեկյանը նշեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր՝ կոռուպցիայի մասին բրյուսելյան հայտարարությամբ անցավ ռուբիկոնը: Այդ նույն օրերին ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական լրատվամիջոցների միջեւ տեղի ունեցավ կոմպրոմատային շանտաժների փոխանակություն. ՀՀԿ-ամերձ լրատվամիջոցը խոստացավ հրապարակել Ծառուկյանի երիտասարդ տարիների մասին վարկաբեկիչ նյութեր, ինչին ի պատասխան՝ ԲՀԿ-ական լրատվամիջոցը խոստացավ հակադարձել Սերժ Սարգսյանի՝ 1990-1994թթ. գործունեության մասին ուշագրավ դրվագների հրապարակմամբ: Ձեր գնահատմամբ՝ բանը կհասնի՞ կոմպրոմատային պատերազմների:

Ս. Մ.- Վերջին մեկ տարվա ընթացքում այնքան կոմպրոմատ է լցվել ցանց, որ այդ ամենը գնալով ավելի քիչ ազդեցություն է ունենում մարդկանց վրա: Էլ չասած, որ բոլորը բոլորի մասին գիտեն ավելին, քան այդ մարդն իրականում կա: Օրինակ՝ Վրաստանում, եթե հիշում եք, ցանց չլցրեցին կոմպրոմատներ Սահակաշվիլու ենթադրենք՝ 2000 թվականի գործունեության մասին: Այնտեղ շատ ավելի թիրախավորված, ռեալ մարդկանց վերաբերող կոմպրոմատ հրապարակվեց (Գլդանի բանտի բռնությունների տեսագրությունը Ա. Ս.): Եվ դա շատ ավելի մեծ ազդեցություն ունեցավ, քան կարող էին ունենալ ինչ-որ այլ ամպագոռգոռ կոմպրոմատներ անձամբ Սահակաշվիլիի կամ Իվանիշվիլիի մասին: Այնպես որ՝ մարդիկ ավելի շատ ազդվում են այն բաներից, որոնք այս պահին են կատարվում, քան նրանից, ինչ եղել է տարիներ առաջ, օրինակ՝ 90թ.-ին: Եվ այստեղ հարց է. արդյոք ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն պատրա՞ստ են իրար դեմ դուրս գալ այդքան կոշտ պայքարի, որպեսզի սկսեն լցնել շատ ավելի ազդեցիկ կոմպրոմատներ:

Ահարոն Ադիբեկյան- Ինձ թվում է՝ բանը չի հասնի դրան, քանի որ քաղաքական դաշտի երկու հզոր խաղացողներն էլ որդեգրել են եվրոպական ստանդարտներ: Եվ եթե կոմպրոմատ կա, իրական է, եւ դա տպագրվում է, ապա դատախազությունը պարտավոր է գործ հարուցել: Օրենքն է դա պահանջում: Հետեւաբար սեւ PR-ը որ անում են, անում են ոչ պաշտոնական եղանակներով: Կա դրա ավելի հեշտ եւ արդյունավետ ձեւը. օրինակ՝ հավաքել հարյուր երիտասարդ, անգիր անել տալ երեք-չորս անհրաժեշտ նախադասություն, ապա հանձնարարել, որ նրանք շրջեն քաղաքով, տրանսպորտում, փողոցներում եւ ամենուրեք տարածեն այդ տեղեկատվությունը: Եվ այդպես ավելի լավ է տարածվում, որովհետեւ մարդիկ ոչ բոլոր թերթերն են կարդում կամ հաղորդումները դիտում: Բայց այստեղ ամբողջ հարցն այն է, թե ում է հասցեագրված կոմպրոմատը՝ միայն տատանվող հատվածին, որը գաղափարական ընտրություն է կատարում եւ չի վաճառում իր ձայնը: Այդ հատվածն, ըստ մեր հաշվարկների, կազմում է 7-10 տոկոս: Այնպես որ՝ մեդիաոլորտի պայքարը մենք կարծես թե գերագնահատում ենք: Մեր ընտրողների 1/3-ը ունի կայացած կարծիք, եւ այն ոչինչ չի փոխի: 1/3-ն անտեսում է ընտրություններն ու չի մասնակցում: Իսկ վերջին 1/3-ը սկսում է լրջորեն տատանվել, ակնկալիքներ ունենալ: Եվ ահա դրա 10 տոկոսը կարող է դառնալ ԶԼՄ-ների քարոզչության, սեւ PR-ի թիրախ: Այսինքն՝ ընտրությունների մասնակիցների 50 տոկոսը գիտի՝ ինչ է ուզում, մնացած 10 տոկոսն էլ վճռորոշ կարող է լինել, եթե հավասարակշռության տարբերությունը փոքր է: Առայսօր ԲՀԿ-ն զիջում է ՀՀԿ-ին, նրա հույսը ընդդիմադիր դաշտի մյուս դեմքերի ձայներն իր վրա քաշելն է: Այն էլ՝ լրիվ չի գա: Եթե, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարի, որ սատարում է Գագիկ Ծառուկյանին, ապա նրա ձայների մի մասը միայն կգնա Ծառուկյանին, մնացածը կգնա Սերժ Սարգսյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իր թեկնածությունը հանի եւ սատարի Ծառուկյանին, նրա ձայների մի մասը կգնա Սերժ Սարգսյանին, մյուս մասն էլ ընդհանրապես չի գնա ընտրության: Նման վերաբաշխում գոյություն ունի, եւ ամեն ինչ կորոշվի՝ կախված նրանից, թե ով կգրանցվի որպես ընդդիմության թեկնածու, եւ Նոր տարվա սեղանների եւ նկուղների դատարկվելուց հետո դժգոհության ինչ աստիճան կլինի:

«Առավոտ»- Նախորդ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ղեկավարների իրականացրած քարոզչությունը քաղտեխնոլոգիաների կողմից բնորոշվեց որպես «կենացային քարոզչություն», երբ ներկայացվում էին մաղթանքների տեսքով դեկլարատիվ հայտարարություններ: Ձեր կարծիքով՝ նախագահի թեկնածուներն այս անգամ ե՞ւս նման ասելիքով հանդես կգան ընտրողների առջեւ:

Ս. Մ.- Քանի որ վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանում ոչինչ չի փոխվել՝ այո: Եվ դա այն պատճառով, որ այսօր, բացի Կոմկուսից եւ ՀՅԴ-ից, չկան հստակ գաղափարական պլատֆորմ ունեցող ուժեր: Տեսեք՝ դուք չեք լսի, որ մարդ ասի՝ ես հոգով ԲՀԿ-ական եմ, բայց ԲՀԿ-ի մեջ չեմ: Բայց Դաշնակցության կամ Կոմկուսի մասին ասում են: Եվ այսօր շատ դժվար է ասել, թե ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն ի՞նչ են այդ տեսանկյունից, էլ չասած՝ ՕԵԿ-ի մասին:

Ա. Ա.- Կոմունիստական կուսակցությունը կառուցվել է հեղափոխության համար: Երկիրը, որը հասել է անկախության, պետք է ունենա ազգային նպատակներ: Իսկ գաղափարական խոսակցությունը հին՝ ազատական պայքարի փուլի համար է: Ներկա փուլի համար գաղափարականը ոչ մի նշանակություն չունի. մենք հայ ենք, ուզում ենք լավ ապրել, ունենք պետականություն, որը պետք է ամրապնդենք, ունենք բանակ, որը պետք է մեզ պաշտպանի, ունենք Ղարաբաղի, Սփյուռքի խնդիր եւ այլն: Դրանք ազգային խնդիրներ են, ի՞նչ գաղափարական տարբերություն կարող է լինել դրանց լուծման հարցում. այստեղ միայն միջոցների ընտրության խնդիրն է: Մեզ մոտ ընտրողը նայում է ոչ թե կուսակցությանն ու նրա ծրագրերին, այլ նայում է դեմքերին: Եվ եթե Գագիկ Ծառուկյանը կամ Սերժ Սարգսյանը սկսեն խոսել գաղափարական դրույթներից, ոչ ոք չի լսի նրանց, բայց 3-4 կարգախոսներով, որոնք համապատասխանում են նրանց իմիջին, կենսագրությանը եւ խարիզմային, հարցը միանգամից լուծվում է:

Բանավեճը վարեց ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության

հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

Նախագահական ընտրություններում սպասվելիք քարոզչական տեխնոլոգիաների մասին «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31