Լրահոս
Օրվա լրահոսը

4,5 եւ 25 տարի

Դեկտեմբեր 11,2012 13:13

Համալսարանի պատմաբանները չկարողացան վեր կանգնել այսօրվա քաղաքական կոնյունկտուրայից եւ փորձ չարեցին սթափ, անաչառ գնահատական տալ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին: Նրանց, իհարկե, խանգարեց այն հանգամանքը, որը 4,5 տարի առաջ ակտիվ պայքար մղող ընդդիմությունը այսօր էլ է քաղաքականության մեջ՝ ճիշտ է, բոլորովին այլ կարգավիճակով: Չնայած եթե այդ պատմաբաններն ավելի բարեխիղճ գտնվեին, նրանց ոչ ոք չէր հետապնդի՝ ժամանակները փոխվել են: Պարզապես այդ մարդկանց մեջ դեռ մնացել է խորհրդային մտածելակերպից եկող վախը:

Իմանալ ճշմարտությունը «Մարտի 1-ի» մասին՝ խիստ կարեւոր է եւ արդիական: Համաձայն եմ այն գործիչների հետ, ովքեր պնդում են, որ առանց այդ ճշմարտության բացահայտման մեզ դժվար կլինի առաջ շարժվել: Քաղաքականությունն այսօր խանգարում է այդ իրադարձությունների իրավական, բարոյական եւ պատմական գնահատականին: Իսկ եթե խոսենք մեր նորագույն պատմության, օրինակ՝ 88 թվականի՞ մասին: Այստեղ էլ, ցավոք սրտի, քաղաքական «շերտավորումներն» առայժմ բավականին շոշափելի են: Պատճառները գրեթե նույնն են. իրադարձությունների առանցքային դերակատարներից շատերը ողջ-առողջ են (Աստված, իհարկե, երկար կյանք տա) ու մեծ մասամբ քաղաքականության մեջ են: Թերեւս դրանով է բացատրվում, որ նույն պատմության չարաբաստիկ դասագրքում, երբ խոսվում է ղարաբաղյան շարժման մասին, չի հիշատակվում «Ղարաբաղ» կոմիտեի որեւէ անդամի անուն:

Այդ քաղաքականացված ոճով է գրված ոչ միայն պատմության դասագիրքը: Ահա դրվագ 2004 թվականի փիլիսոփայության (՞) դասագրքից: «Երբ հայրենասիրությամբ տոգորված ազատամարտիկները իրենց կյանքը զոհում էին Ղարաբաղի ազատագրման համար, դա աշխարհայացքի հարց էր: Իսկ երբ Թատերական հրապարակում «Միացում, միացում» գոռացող ՀՀՇ-ականները ռազմաճակատ գնալու փոխարեն զավթեցին իշխանությունը եւ թալանեցին ու ավերեցին երկիրը, դա եւս աշխարհայացքի հարց էր: Այս երկու կողմերի վարքագծի հակադրությունը բխում է նրանց արժեքների հակադրությունից: Առաջինների համար հայրենիքը բարձրագույն արժեքներից է, իսկ երկրորդների համար՝ թալանի ու հարստացման աղբյուր: Թալանչիները եւս «սիրում են» իրենց հայրենիքը, բայց ինչպես գայլը՝ ոչխարին, որպես համեղ պատառ»:

Որքանով են այդ դատողությունները փիլիսոփայական՝ դժվարանում եմ ասել: Բայց այդ «արժեքային» եզրահանգումները հիմնված են երկրորդ նախագահի ժամանակաշրջանի պաշտոնական քարոզչության եւ 90-ականների սկզբին սոցիալական մեծ զրկանքներ կրող բնակչության որոշակի շրջանակներում ձեւավորված առասպելաբանության վրա:

Հաջորդ տարվա փետրվարին նշվելու է ղարաբաղյան շարժման 25-ամյակը: Արդյոք մենք ամեն ինչ գիտե՞նք այդ շարժման մասին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31