Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռազմական փորձագետը՝ ներքաղաքական իրավիճակի և արտաքին վտանգների մասին

Դեկտեմբեր 11,2012 12:42

«Մեր բանակը մարտունակ է, այն գտնվում է հնարավոր ագրեսիան կանխելու առումով պատրաստվածության բարձր վիճակում»,-Aravot.am-ի հետ զրույցում հավաստիացրեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Այնուհետև հավելեց. «Եթե չլիներ այդ պատրաստվածությունը, ագրեսիան վաղուց իրականություն կդառնար»:

Հետաքրքրվեցինք՝ հասարակության շրջանում տարածված տագնապները հավանական պատերազմի վտանգների մասին արդարացվա՞ծ են: Փորձագետը պատասխանեց. «Հրադադարն ինքնին ենթադրում է պատերազմի պոտենցյալ վտանգ: Հրադադարի պայմաններում այդ վտանգը կա անընդհատ և դժվար է այն կանխատեսել: Այս առումով տագնապներն ինչ-որ տեղ օրինաչափ են: Բայց պիտի հաշվի առնել, որ ոչ միայն մենք ենք ապրում հրադադարի պայմաններում, այլև Ադրբեջանը: Այդ նույն տագնապները, պատերազմի վտանգը, պատերազմ չցանկանալը բնորոշ է նաև իրենց: Եվ մենք չպետք է տրվենք այն խաբկանքին, որ Ադրբեջանում, կամ Անդրկովկասի թուրքերի շրջանում ամբողջ հասարակությունը մի մարդու պես քնում զարթնում է այն ցանկությամբ, թե երբ պիտի սկսվի պատերազմը: Պետք չէ տրվել ադրբեջանական սին քարոզչությանը»:

Շարունակելով ադրբեջանական հասարակության շրջանում գոյություն ունեցող տրամադրությունների թեման՝ մեր զրուցակցը նկատեց. «Հենց ադրբեջանական հասարակությունը էլ ավելի անպատրաստ է պատերազմին, քանի որ հարձակվողական պատերազմի զրկանքները ավելի մեծ են, քան պաշտպանողական կողմի հնարավոր զրկանքները: Ադրբեջանական հասարակությունը, կրկնում եմ, ունենում է և ունի այդ բնական տագնապները շատ ավելի սուր դրսևորումներով, քանի որ իրենք պատրաստ չեն պատերազմին: Հասարակ քաղաքացին ատում է հային, բայց ատելությունը դեռ չի նշանակում բանակում կռվելու պատրաստակամություն»:

Մեր այն հարցին՝ արդյոք ՀՀ ներքաղաքական խառնաշփոթ իրավիճակը չի՞ վտանգում արտաքին անվտանգությանը, ռազմական փորձագետը պատասխանեց. «Մենք պետք է մեզ հաշիվ տանք, նկատի ունեմ քաղաքական դաշտի որոշ մասնակիցներին, մենք իրավունք չունենք մեզ պահել այնպես, որ մեր երկրի մարտունակությունը տուժի և թշնամին փորձի առիթից օգտվել և խոսքից գործի անցնել: Հասկանում ենք, նախընտրական շրջան է, ուղղակի պիտի պետական գործչի քաղաքականություն որդեգրել, քանի որ ինչպես Չերչիլն էր ասում, քաղաքական գործիչը մտածում է միայն ընտրությունների մասին, պետական գործիչը՝ երկրի հեռահար շահերի մասին է մտածում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31