Այսօր «Տեսակետ» ակումբում քաղաքագետ Սերգեյ Մինասյանը տեսակետ հայտնեց, որ եթե Գագիկ Ծառուկյանը չմասնակցի, նախագահական ընտրություններն, այսպես կոչված, տեխնիկական բնույթ կկրեն. «Առանցքային գործընթացը ԲՀԿ-ՀՀԿ բանակցություններն են կամ ավելի պարզ ասելով՝ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի բանակցություններն են: Եթե դա արդեն տեղի է ունեցել, արդյունքն արդեն կա, կարծում եմ՝ մնացած բոլոր քաղաքական ուժերը կփոխեն ձեւաչափը: Կարծիքներ են ստեղծվում, որ առվազն այն սպասումները, որ մենք ունեինք մի քանի օր առաջ, որ թվում էր, թե Գագիկ Ծառուկյանը անպայման կկմասնակցի, հիմա այս մասին վստահ չեմ կարող ասել: Մի քանի օր առաջ ես ասում էի, որ միասնական թեկնածու չի լինելու, այս անգամ ես ասում եմ, որ եթե պարոն Ծառուկյանը որոշի թե չի մասնակցելու, Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմադիր դաշտը ներկայացնող գործիչ կդառնա եւ ընդդիմադիր դաշտը թվում է թե կփոքրանա, որովհետեւ հասկանալի է, որ ԲՀԿ-ն իր հնարավորություններով, իր քաղաքական կշռով անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ ուներ, քան մնացած բոլոր քաղաքական ուժերը՝ ընդդիմադիր դաշտում գործող: Հասկանալի է, որ եթե նա դուրս գա խաղից, ապա պատկերը բնականաբար կփոխվի»:
Նա նշեց, որ զարմանալի չի, որ ՀԱԿ-ի կողմից հստակ հայտարարություններ չենք լսում. «Լեւոն տեր-Պետրոսյանը, ելնելով իր քաղաքական հմտություններից, չի ուզում արագացնել գործընթացը, որպեսզի Ծառուկյանի հետ բանակցություններ վարի: Բուն ՀԱԿ-ում կան տարբեր ուղղվածություններ, տարբեր թեւեր, եւ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունի այս կամ այն որոշում, հասկանալի է, որ ՀԱԿ-ում կշարունակվեն ներքին տրոհումները: Ինչ որոշում էլ ընդունի Լեւոն Տեր-Պետրոսյանը, հաշվի առնելով, որ տարբեր քաղաքական ուժերի է միավորում, բնականաբարար, այս կամ այն թեւին ՀԱԿ-ի ներսում դա կստիպի ինքնուրույն գործելու եւ չի բացառվում, որ կլքեն Կոնգրեսը»:
Այս օրերին ընդդիմության տարբեր քաղաքական գործիչներ վստահեցնում են, որ իրենց համար անձը կարեւոր չէ, որ իրենց համար գաղափարներն են կարեւոր, նպատակները եւ այլն: Օրինակ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահեցնում է, որ ով էլ խոստանա իրենց առաջարկներն իրականացնել, իրենք կարող են սատարել, այդ թվում անգամ Սերժ Սարգսյանին: Aravot.am-ը քաղաքագետից հետաքրքրվեց, թե իր կարծիքով իսկապե՞ս քաղաքական ուժերի համար անձը որեւէ նշանակություն չունի, թե՞ սա ամենասովորական քաղաքական առեւտուրն է, որ կարող է լինել քաղաքական ուժերի միջեւ: Նա պատասխանեց. «Քաղաքականությունը միշտ առեւտուր է, եւ այն, որ այս փուլում այդ քաղաքական ուժերը նման հայտարարություն են անում, դա խոսում է նրա մասին, որ այդ քաղաքական առեւտուրը դեռ չի ավարտվել: Դեռ հստակություն առնվազն ՀՅԴ-ի կողմից մենք չենք տեսնում եւ հասկանալի է, որ քաղաքական գործիչներն այս պահին պիտի ասեն այն, ինչ պիտի ասեն ի պաշտոնե»:
Նա նշեց, որ մի 2-3 շաբաթից ավելի հստակ կկարողանանք ասել, թե ինչ նկատի ունեին ե՛ւ ՀՅԴ-ն, ե՛ւ մյուս քաղաքական ուժերը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ