Վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում մեր քաղաքական դաշտում հայտնվեցին նոր միավորներ, որոնք ոչ թե թաքնված, ենթատեքստերով, այլ ուղղակիորեն են հայտնում իրենց պատրաստակամությունը՝ ծառայելու Եվրասիական միության ստեղծման, այդպիսով՝ նաև խորհրդայնացման նպատակներին։ Նոյեմբերին (ամիսը գուցե պատահականորեն չէր ընտրված) մի խումբ երիտասարդներ հայտարարեցին «Նոր Հայաստան» անունով կուսակցություն ստեղծելու մասին։
Հասարակությանն անհայտ այդ երիտասարդները հայտնի են միայն նրանով, որ ժամանակին ստեղծել են «Պուտին» ակումբը և նախաձեռնել են Եվրասիական միության կազմավորումը քարոզող մի շարք միջոցառումներ։ Դրանից մեկ-երկու շաբաթ անց հայտնվում է Ռոբերտ Ահարոնյան անուն-ազգանունով մեկը և ազդարարում «Ժամանակի էություն» սոցիալիստական շարժում սկսելու ու նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին։ «Սոցիալիստական գաղափարախոսության մոդելով պետք է ցույց տալ, որ Հայաստանում իսկական ընդդիմություն կա, որը սոցիալիզմ է կառուցելու, իսկ նախագահի պաշտոնը պետք է լուծարել ու ստեղծել խորհուրդներ»,- հայտարարում է սոցիալիստական շարժման սույն կոորդինատորը՝ ավելացնելով, որ ընտրվելու դեպքում պատրաստվում է ստեղծել ԽՍՀՄ-2:
«Նախագահական ընտրություններում ԽՍՀՄ-ի գովքով մոռացության են տալիս Սովետական Հայաստանը։ Չկա Հայաստանի Կոմունիստական կուսակցություն, չկան նման ուժեր, որ մի պետությունում վաղվա օրվա մասին մտածեն»,- ասում է Ռոբերտ Ահարոնյանը։
Կարդացեք նաև
Այդ նույն շարժման մամուլի քարտուղար Նարեկ Վարազդատյանն էլ, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարում է. «Ներկայիս անկախ երկիրը մեզ ոչինչ չի տալիս, բացի զոհերից։ Կոմունիստները իշխանությունը հանձնելիս զոհ չտվեցին։ Այստեղ իշխանություն վերցնելու համար ամեն հինգ տարին մեկ տալիս ենք զոհեր։ Ամեն ընտրությունների ժամանակ զոհ տալը նորմալ չի»։
Այս «ինքնաբուխ» սոցիալիստների կողքին իր մշտական ներկայությամբ գրեթե նույն գաղափարներն է արտահայտում Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը։ Իհարկե, վերը նշված անհատներն ու միավորները քաղաքական դաշտում որևէ նշանակություն ու ազդեցություն չունեն, առաջին հայացքից՝ նրանց հայտարարություններին կարելի է վերաբերվել միայն ծիծաղով։ Բայց տվյալ դեպքում խնդիրը ոչ թե այդ անձինք են, այլ այն, որ այսօր՝ նախագահական ընտրություններից առաջ, Հայաստանում հնչում են նման գաղափարներ։ Իր հերթին՝ վտանգը ոչ թե այդ գաղափարների հնչեցումն է, այլ այն, որ խորհրդային կարոտախտով տառապող այս միավորները՝ անհրաժեշտության դեպքում, «համապատասխան կառույցների» կողմից կարող են շատ արագ «հեղինակություն ստանալ» և դառնալ «հանրության լայն շահերը ներկայացնող» քաղաքական ուժեր։ Ռուսական ծառայությունները գոնե այդքանը կազմակերպելու հնարավորություններ ունեն։ Քլինթոնի՝ դիվանագիտության էթիկային ոչ այնքան հարիր որակումները բավական կոշտ վկայում են Եվրասիական միության իրական նպատակների լրջության մասին։ Դա նշանակում է, որ խորհրդայնացման ուղղությամբ ռուսական իշխանությունն «աշխատում է» համապատասխան պետությունների ղեկավարության կամ քաղաքական շրջանակների հետ։ Հասկանալի է, որ դեռևս անկախ պետությունների ֆորմալ իշխանությունները չեն կարող բացահայտ, հրապարակային դաշտում խորհրդայնացման ուղղությամբ քայլեր իրականացնել՝ ինչն առայժմ փոխհատուցվում է շարժումների ու պուտինասեր երիտասարդների տարերային գործունեությամբ։ Բայց, ըստ ամենայնի, Ռուսաստանին դա արդեն չի բավարարում, և նրանք «եվրասիական գոտու» երկրների իշխանություններից ավելի կոնկրետ գործողություններ են պահանջում։
Ռոբերտ ՏԵՐ-ՍԱՐԳՍՅԱՆ
«168 ժամ»