Դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ հաշմանդամ անձանց նկատմամբ ուշադրությունն ու սերը երբեմն կարող են շատ ավելի օգտակար լինել, քան բժշկությունը, եւ իրենք պարտավոր են տալ այդ ամենը նրանց։ «Հաշմանդամների խնդիրները գտնվում են խորհրդարանի եւ անձամբ իմ ուշադրության կենտրոնում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ պետք է ստեղծել հավասար հնարավորություններ, որ հաշմանդամները ինտեգրվեն հասարակությանը։
Աբրահամյանի ելույթի օրը, դրանից մի քանի ամիս առաջ եւ մի քանի օր հետո, ԱԺ-ի միակ հաշմանդամություն ունեցող աշխատակիցը «Ժառանգություն» խմբակցության փորձագետ Արման Մուշեղյանը, սայլակով ԱԺ տարածք մուտք գործելիս մեծ դժվարություն է կրում։ Չկարողանալով տարածքը եւ շենքը հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի դարձնել, Մուշեղյանի համար բացառություն է արվել՝ թույլատրելով ԱԺ մուտք գործել Դեմիրճյան փողոցի կողմից (ձախ նկարում): Այդ փողոցը հաճախ է ծանրաբեռնված լինում պատգամավորների կայանած մեքենաներով։ Առանց ուղեկցորդի աշխատանքի մեկնող փորձագետը ստիպված է լինում իր մեքենան կայանել բավականին հեռու եւ աշխատավայր հասնել սայլակով, ինչը ԱԺ դարպասին հասնելու համար լրացուցիչ դժվարություններ է հարուցում։ «Պետք է զանգեմ ինչ-որ մեկին կամ անցորդներից որեւէ մեկին խնդրեմ, որ սայլակը ավտոմեքենայի թափքից հանի։ Բացի դա, ԱԺ տարածքում ճանապարհը թեք է։ Ամռանն էլի ոչինչ, բայց ձմռանն ու թաց եղանակին վտանգավոր է սայլակով անցնել»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Ժառանգության» փորձագետը։
Նա պատմել է, որ դեռեւս սեպտեմբերի 6-ին նամակով դիմել է Հովիկ Աբրահամյանին՝ խնդրելով թույլատրել իր կողմից վարվող մեքենայով մուտք գործել տարածք, այսինքն՝ մինչեւ ԱԺ շենքի մուտքի դուռը հասնել մեքենայով։ Ըստ Մուշեղյանի՝ ԱԺ նախագահը նամակը մակագրել է աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին, որն, ի պատասխան գրավոր նամակի, բանավոր խոսակցություն է ունեցել «Ժառանգության» փորձագետի հետ եւ տեղեկացրել, որ սեփական ավտոմեքենայով իրեն ԱԺ տարածք թույլատրելն անվտանգության տեսանկյունից խնդիրներ է առաջացնում։ Մուշեղյանը պատրաստակամություն է հայտնել ստորագրել անվտանգության նկատառումներից ելնող ցանկացած փաստաթղթի տակ, միայն թե հնարավորություն տան մեքենայով մոտենալ ԱԺ ետնամուտքի թեքահարթակին։
Կարդացեք նաև
ԱԺ կանոնակարգով սահմանված է այն պաշտոնյաների ցանկը, որոնք իրավունք ունեն խորհրդարանի տարածք մուտք գործել ավտոմեքենայով։ Տվյալ ցուցակն աշխատակազմը հանձնում է ոստիկանության պետական պահպանության վարչությանը։ Հենաշարժողական խնդիր ունեցող Արման Մուշեղյանին, ինչպես ինքն է փոխանցել մեր թղթակցին, ԱԺ ղեկավարությունը փորձում է համոզել, որ իր անունը ցուցակում ներառելը բարդ գործ է՝ իր բարդագույն հետեւանքներով։
Մեր թղթակիցը լուսանկարել է ԱԺ տարածք մուտք գործած, վտանգ չներկայացնող բազմաթիվ մեքենաներից մի քանիսը (նկարներում աջից): Նման արտոնություն ունեն, օրինակ, պատգամավորներ Մանվել Գրիգորյանը (051ՕՕ01), Ռազմիկ Զոհրաբյանը (045ՕՕ01), Կարեն Կարապետյանը (032ՕՕ01), Սեյրան Սարոյանը (01ՍՍ777), Նահապետ Գեւորգյանը (030ՕՕ01)՝ բոլորն էլ՝ ՀՀԿ-ից։
«Հայկական ժամանակ»