Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն այսօր ավարտել է «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) և «Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրերի օժանդակությամբ իրականացվող ծրագրի շրջանակում Հայաստանի տնտեսական կատարողականի հինգերորդ ամփոփիչ ստուգումը: Ամփոփիչ ստուգման եզրափակումը իշխանություններին տալիս է լրացուցիչ 33.5 միլիոն ՓՀԻ (մոտավորապես 51.43 միլիոն ԱՄՆ դոլար) փոխառելու հնարավորություն՝ ծրագրերի շրջանակում տեղաբաշխված ընդհանուր գումարը հասցնելով 211.8 միլիոն ՓՀԻ-ի (մոտավորապես 324.4 միլիոն ԱՄՆ դոլարի):Հայաստանի հետ 266.8 միլիոն ՀՓԻ (408.7 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով EFF և ECF եռամյա ծրագրերը ԱՄՀ-ի Գործադիր խորհուրդը հաստատել է 2010 թ. հունիսի 28-ին (տես մամուլի հաղորդագրություն թիվ 10/263):
Գործադիր խորհուրդը հավանություն է տվել նաև իշխանությունների դիմումին՝ շուկայում անսպասելի ճնշումների հետևանքով զուտ պաշտոնական միջազգային պահուստների նվազագույն սահմանաչափի 2012 թ. հունիսի վերջի համար սահմանված կատարողական չափորոշչի չպահպանման համար բացառություն անելու և 2012 թ. դեկտեմբերի վերջի համար կատարողականի նույն չափորոշիչը փոփոխելու մասին:
Գործադիր խորհուրդն այսօր ավարտել է նաև Հայաստանի հետ IV հոդվածի շրջանակում իրականացվող խորհրդակցությունները, որոնց ժամանակ քննարկվում են միջնաժամկետ տեսանկյունից տնտեսական քաղաքականությունը և քննության է առել Հայաստանի հետ Հիմնադրամի փոխհարաբերությունների վերաբերյալ Փաստացի գնահատման վերանայված զեկույցը (Ex Post Assessment Update report on Fund relations with Armenia): Գործադիր խորհրդի քննարկումից հետո կառավարիչ տնօրենի տեղակալ և նախագահողի պաշտոնակատար տկն. Նեմաթ Շաֆիկը նշել է.
«Հայաստանի տնտեսությունը շարունակել է վերականգնվել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի համատեքստում 2008-2009 թթ. արձանագրված խորը անկումից: 2012 թ. տնտեսության աճը արագացել է և սպասվում է, որ 2013 թ. այն կգտնվի պոտենցիալ մակարդակի շուրջը: Այնուամենայնիվ դեռևս պահպանվում են խոցելիություններ, որոնք պայմանավորված են ընթացիկ հաշվի մեծ պակասուրդով և բանկային հատվածի դոլարայնացման բարձր աստիճանով:
«Ծրագրի շրջանակում իրականացվող քաղաքականությունը հիմնականում ընթանում է հունով, սակայն զուտ միջազգային պահուստները մայիս-հունիս ամիսներին հայտնվեցին անսպասելի ճնշումների ներքո, երբ կենտրոնական բանկը քայլեր ձեռնարկեց շուկայի ապակայունացումից խուսափելու համար: Այնուհետև կենտրոնական բանկը կարողացել է հետ գնել կորցրած պահուստների մի մասը: Այնուամենայնիվ, պահուստների ամբողջական վերականգնումը կենթադրեր շուկայի վրա անհարկի ճնշումներ:
«Հարկաբյուջետային կոնսոլիդացումը շարունակել է առանցքային դեր կատարել տնտեսության վերականգնման գործում, և ողջունելի է հարկաբյուջետային այդ ռազմավարության իրականացումը շարունակելու իշխանությունների հանձնառությունը: Առաջիկայում հարկաբյուջետային կոնսոլիդացումն ավելի շատ պետք է ապավինի եկամուտների ավելացմանը, որը հնարավորություն կտա իրականացնելու սոցիալական և ներդրումային ավելի մեծ ծախսեր՝ միաժամանակ կրճատելով պակասուրդը և պարտքը:
«Ֆինանսական հատվածը շարունակում է կայուն մնալ. վերջերս քայլեր են ձեռնարկվել համակարգում վերահսկողությունը կատարելագործելու և իրացվելիությունը բարձրացնելու ուղղությամբ: Ընդհանուր առմամբ գործարար միջավայրի համար շարունակվել են կառուցվածքային բարեփոխումները, սակայն լրացուցիչ միջոցառումներ են անհրաժեշտ իրավական դաշտի ամրապնդման, կառավարման բարելավման և մրցունակության բարձրացման համար»:
ԱՄՀ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ
Հասարակայնության հետ կապեր |
|
ԶԼՄ-ների հետ կապեր |
||
Էլ-փոստ՝ |
Էլ-փոստ՝ |
|||
Ֆաքս՝ |
202-623-6220 |
Հեռ.՝ |
202-623-7100 |