Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ մենամարտերից առաջ ԱԻԲԱ նախագահ Չինգ-Քու Վուն Հայաստանի եւ արտասահմանյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ինքը հանդիպել է ադրբեջանական պատվիրակության ղեկավարների հետ, նրանք ոչ մի դժգոհություն չեն ունեցել կազմակերպիչներից եւ իր միջոցով շնորհակալություն են հայտնում ընդունելության, անվտանգության ապահովման եւ ամեն ինչի համար: Թվում էր, թե դրանով ամեն բան ասվել է եւ ադրբեջանցիք անկեղծ են եղել: Բայց, ինչպեսեւ ակնկալելի էր, նրանք ունեն երկու ստանդարտ. դրսի՝ իրական, եւ իրենց երկրի ներսի օգտագործման համար: Վերադառնալով Բաքու՝ 64 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի արժանացած Փավրիզ Բաղիրովը, մոռացության տալով Բաքվում հայ բռնցքամարտիկների հանդեպ ադրբեջանցիների խայտառակ պահվածքը, «Azerisport»-ին դժգոհել է, թե երեւանյան ռինգ ադրբեջանցի բռնցքամարտիկների մուտքին տեղի մարզասերները սուլում էին: Խոսելով իրենց անվտանգության մասին՝ բռնցքամարտիկն, այնուամենայնից, խոստովանել է, որ ամեն ինչ կազմակերպված էր բարձր մակարդակով, բայց չի մոռացել անպայման մուր գտնել՝ հայտարարելով, թե իրենց այնքան լավ էին «փակել», որ իրենք անգամ քաղաքը տեսնելու հնարավորություն չեն ունեցել: Իսկ օդանավակայան մեկնելիս ավտոբուսի պատուհանից ոչ մի հետաքրքիր բան չեն տեսել, բայց հասցրել են նկատել, որ Երեւանում նորակառույց բարձրահարկ շենքեր չկան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ