Ինչպես տեղեկացրել ենք, երկրաշարժի 24-ամյակի օրը` դեկտեմբերի 7-ին, մինչ Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր թիմակիցների հետ կգնար ծաղկեպսակ դնելու ու հարգելու Երկրաշարժի զոհերի հիշատակը, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թիմակիցները արդեն իսկ ծաղկեպսակ էին դրել Ֆրիդ Սողոյանի քանդակած երկրաշարժի զոհերի հուշարձանին: Եվ քանի որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը այդ ժամանակ քաղաքում չէր, նրա անունից ծաղկեպսակը տարել էին քաղաքապետարանի նախկին պաշտոնյաները: Ոմանք պնդում էին, որ վաղ առավոտյան երկրաշարժի զոհերի հուշարձանի մոտ եկած Ղուկասյանի պատվիրակությունը գլխավորել է նախկին կոմունիստ փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի եղբայրը` Գարիկ Մանուկյանը: Նշենք, որ նա Ասլամազյան քույրերի պատկերասրահի տնօրենն է:
Գեղանկարիչ Գարիկ Մանուկյանը, այսօր զանգահարելով մեզ, պարզաբանեց, որ ինքը երկրաշարժի զոհերի հիշատակը հարգել է իր կոլեկտիվի հետ. ճիշտ այն ժամին, երբ Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը քաղաքապետարանի աշխատակիցների հետ գնացել է երկրաշարժի զոհերի հուշարձանի մոտ ծաղկեպսակ դնելու, և որ ինքը չի գլխավորել Վարդան Ղուկասյանի պատվիրությունը: Ասլամազյան քույրերի պատկերասրահը գտնվում է Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ, ու նախկին փոխքաղաքապետի եղբայրը շարունակում է աշխատել քաղաքի նորընտիր ղեկավարության հետ: Իսկ թե ո՞վ է գլխավորել նախկին քաղաքապետի պատվիրակությունը, մարզպետարանի պաշտոնյաների ասելով, ղեկավար որպես այդպիսին չեն տեսել, միայն տեսել են, որ այնտեղ էին նախկին փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը, քաղաքապետի նախկին մամլո խոսնակը, կոմունալ բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանը, քաղաքաշինության բաժնի նախկին պետ Ռաֆիկ Հակոբջանյանը, ընդհանուր բաժնի նախկին պետ Արմենուհի Բաղդասարյանը և մյուսները: Մի խոսքով, ողջ նախկին անձնակազմով ծաղկեպսակ են դրել քաղաքապետ Ղուկասյանի անունից, որը, ի դեպ եղել է ամենամեծը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ