ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բոլոր հնարավոր չափանիշներից խիստ ցածր է գնահատում:
Մարդու իրավունքների միջազգային օրը Aravot.am-ի հետ հարցազրույցում նա նշում է, որ այժմ մարդու իրավունքների խախտումներն ստացել են ավելի կազմակերպված բնույթ: «Այժմ իրավունքներն ավելի ցինիկաբար են խախտվում: Մեր երկրում իրավունքների խախտումերը կրում են համակարգված բնույթ, գործում է ընտրողական, սելետիվ արդարադատությունը` յուրայիններին ամեն գնով հովանավորելու, օտարներին ամեն գնով պատժելու քաղաքականությունը » :
Ըստ նրա` ստեղծվել է մի իրավիճակ, որ անգամ բարձր իրավագիտակցություն ունեցող անձինք են կանգնում իրավունքների խախտման եւ դրանց վերականգման հարցի առջեւ. «Մեզանում խնդիրն այն է, որ գիտելիք ունեցողներին կամ ոչնչացնում են, կամ բանտարկում կամ հետապնդում են, կամ էլ վատաբանում » :
Նա թեեւ չի նսեմացնում իրավագիտակցության բարձրացման դերը մարդկանց շրջանում, այնուամենայնիվ, նշում է, որ գիտելիքը առանց գործողության ոչ մի արժեք էլ չունի. «Պետք է պայքարել, հետեւողական, սկզբունքային`հավատարիմ մնալով մարդու արժանապատվությանը որպես բարձրագույն արժեք ընկալելու, ընդունելու, պահպանելու, կիրառելու մտածելակերպին: Գիտելիքը առանց գործողության արժեք չունի, առանց այն իրականություն դարձնելու, առանց քայլերի` մնում է զուտ իդեա, որը, չդառնալով ապրելակերպ, կենսակերպ, կորցնում է իր էությունը, դառնում բովանդակազուրկ: Երբ փոփոխության հասնելու համար, պահանջներ ներկայացնելու համար քայլեր չեն արվում, ունեցած գիտելիքն իմաստազրկվում է » :
Կարդացեք նաև
Իրավապաշտպանը փաստում է, որ կան բաներ, որոնք հասկանալու համար մեծ իրավագիտակցություն անհրաժեշտ էլ չէ.«Ինչ է, գիտելիք է պետք` հասկանալու համար, որ չի կարելի ոստիկանությունում մարդուն նվաստացնել, ծեծել, որեւէ մեկը կասի, թե դա կարելի եւ բնական է, արդյոք գիտելիք է պետք` արդար դատի պահանջը կատարելու համար, արդյոք գիտելիք է պետք` հասկանալու, որ պետական շահի հիմնավորմամբ մարդուն չի կարելի զրկել իր բնակարանից եւ այլն: Այդ գիտելիքները մարդկությունը մշակել է, արժեւորել է իր պատմության ընթացքում, դրանք քաղաքակրթության նվաճումներն են, որոնք ձեւակերպվում են իրավական նորմերով: Բայց եթե չեն ձեւակերպվում կամ որպես անպետք իր արհամարհվում են, դա է հենց անբնականը, դեմ է քաղաքակրթությանը, ինչը հասկանալու համար լրացուցիչ գիտելիքներ պետք չեն: Սպարտակի ժամանակ ստրուկները գիտելիք չունեին, երբ ապստամբեցին ընդդեմ մարդկային արժանապատվությունը նվաստացնողների» ,-եզրափակում է Արթուր Սաքունցը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ