Aravot.am-ի տեղեկություններով Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակել Հրաչյա Հովակիմյանին: Վերջինս անտառտնտեսության տնօրեն է եղել: Ի դեպ մի ուշագրավ հանգամանք եվս. Հրաչյա Հովակիմյանը նույնպես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալն է: Հարցն այն է, որ օրերս պետք է այդ պաշտոնի տնօրենի համար նոր մրցույթ հայտարարվեր, սակայն, նախարարն արդեն իսկ նշանակում է արել: Ենթադրաբար, Հրաչյա Հովակիմյանը նշանակվել է պաշտոնակատար, ով օրերս հայտարարվելիք մրցույթում կհաղթի: Հետաքրքիր է, որ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալը նշանակվել է այն ժամանակ, երվ վարչապետը բացակայում է հանրապետությունից: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի` այդ պաշտոնում մեկ այլ հովանավորյալի` Նոնոյի նշանակման ձախողման գործում մեծ դերակատարում ունեցավ հենց Տիգրան Սարգսյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Մինչ Aravot.am-ը փորձում էր պաշտոնապես ճշտել տեղեկությունը, այդ թվում նաեւ փորձեցինք բնապահպանների հետ զրույցներում հստակեցումներ մտցնել մեր ունեցած տեղեկատվության մեջ, վերջիններս սոցիալական ցանցերում արդեն իսկ տարածեցին սույն տեղեկությունը: Նկատենք, սակայն, որ աշխատանքային օրվա ավարտի պատճառով նախարարության պաշտոնյաներից պարզաբանումներ ստանալ չհաջողվեց:
Կարդացեք նաև