Վերջին 6 ամիսների ընթացքում լրատվամիջոցների, հանրության ուշադրության կենտրոնում է շոումեն Մարկ Սաղաթելյանը: Նրա և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Նազարյանի առողջական վիճակը հետաքրքրում և հուզում էր շատերին:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ճանապարհատրանսպորտային պատահար էր տեղի ունեցել Երևանի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում և հրդեհ էր բռնկվել: Պատահարի հետևանքով Մարկ Սաղաթելյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, «Թաթա Փրոդաքշնի» նախագահ, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը ստացել էին մարմնական ծանր վնասվածքներ:
Պատահարից անմիջապես հետո նրանք հոսպիտալացվել էին, և սկսվել էր երկարատև ու ծանր բուժումը: Գրիգոր Նազարյանի առողջական վիճակը կարճ ժամանակ հետո դրական տեղաշարժեր է գրանցում, իսկ Մարկ Սաղաթելյանը մի քանի վիրահատություն այստեղ՝ Հայաստանում, անցկացնելուց հետո մեկնել էր Գերմանիայում վիրահատվելու: Մարկ Սաղաթելյանն իր առողջական վիճակի մասին պարբերաբար տեղեկացնում էր իր ֆեյսբուքյան էջի միջոցով, որն այդ օրերին դարձել էր բուռն քննարկումների, հակասությունների դաշտ:
168.am-ը զրուցեց շոումենի հետ՝ պարզելու, թե ինչպե՞ս է իրեն զգում, և հետվիրահատական ինչպիսի՞ խնդիրների, հայաստանյան բժիշկների կողմից թույլ տրված ինչպիսի՞ սխալների մասին էր խոսվում ամիսներ շարունակ:
– Ինչպե՞ս ես քեզ զգում, ինչպե՞ս է ընթանում ապաքինումը:
– Հիմա ես արդեն տանն եմ՝ Մոսկվայում: Անցնում եմ վերջնական վերականգնողական կուրսերը: Քայլում եմ ձեռնափայտով և հույս ունեմ, որ 1 կամ 1.5 ամսից կքայլեմ առանց ձեռնափայտի:
– Շատ երկար քննարկվում էր այն վարկածը, որ հետվիրահատական խնդիրները հայաստանյան բժիշկների սխալների արդյունք են: Հայ բժիշկները սխա՞լ էին թույլ տվել:
– Սխալների մասին խոսել չեմ ցանկանում, դա վիճելի թեմա է: Հայաստանում երկու վիրահատություններից հետո՝ մեջքի վրա էի պառկում՝ առանց շարժվելու կամ թեքվելու հնարավորության՝ ուղիղ 70 օր: Դրանից հետո էլի մեկ ու կես ամիս չէի կարողանում քայլել: Իսկ Գերմանիայում, 5 ժամ տևած վիրահատությունից հետո, երրորդ օրն արդեն կարողանում էի քայլել: Այսօր արդեն հետվիրահատական 45-րդ օրն է, ես տանն եմ:
– Որոշ բժիշկներ քո ֆեյսբուքյան պատին գրում էին, թե հետվիրահատական խնդիրներն ինքդ քեզ լավ չխնամելու արդյունք են:
– Ես ուշադրություն չեմ դարձնում հիմարությունների վրա: Այս վերջին շրջանում մոդայիկ է դարձել՝ ում և ինչ պատահի՝ «քննարկել»: Դրա համար էլ ինձ համար կարևոր և հետաքրքիր չեն, այսպես կոչված, նմանատիպ «քննարկումները»:
– Բժիշկներն ի՞նչ են ասում, ե՞րբ ամբողջությամբ կապաքինվես:
– Դեկտեմբերի 8-ին ես արդեն Մոսկվայում պետք է Ամանորյա մեծ համերգ վարեմ: Դա, ամենայն հավանականությամբ, Հայաստանում՝ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կլինի հունվարին: Ամբողջությամբ ապաքինվելը կախված է օրգանիզմիցս: Հույս ունեմ, որ 1.5-2 ամսից լիովին կապաքինվեմ:
– Հայաստանի հետ կապված որևէ պլան ունե՞ս:
– Հայաստանի հետ կապված դեռ ոչ մի պլան չունեմ: Ծրագրերի, հաղորդումների առաջարկներ դեռ չեմ ստացել: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում կլինեն: