Այսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում ամփոփվեցին Մարդու իրավունքներին նվիրված միջազգային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի արդյունքները: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն հայտնեց, որ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած ժյուրին առաջին մրցանակը շնորհել է «Հմուտ մարդը» , իսկ երկրորդ մրցանակը` «Իրական իրավունքներ վիրտուալ իրականությունում» ֆիլմի հեղինակներին: Դոցենկոն ասաց, որ ըստ YouTube-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքների` առաջին մրցանակը տրվել է «Enter» ֆիլմի, իսկ երկրորդ մրցանակը` «Ճանաչիր քո իրավունքները թվային դարաշրջանում» ֆիլմի հեղինակներին:
Միջոցառման ընթացքում ելույթներ ունեցան միջազգային մի շարք կազմակերպություննների ներկայացուցիչներ:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի պաշտոնակատար Հենրիետ Արենսը նշեց, որ Մարդու իրավունքների միջազգային օրը հերթական անգամ հիշեցնում է ոլորտի կազմակերպությունների միջեւ եղած համագործակցության մասին: «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ՄԱԿ-ի հիմնական փաստաթուղթն է եւ շարադրում է մեր գործունեության հիմնական սկզբունքները, ինչպես նաեւ` Հայաստանի եւ այլ երկրների հետ համագործակցության ծրագրերը: ՄԱԿ-ը գործում է Մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների ներքո, ինչը նշանակում է, որ այդ սկզբունքները վերածվում են ծրագրերի: Առհասարակ, «մարդու իրավունքներ» գաղափարը փոփոխական է, իսկ մեր խնդիրն է` պաշտպանել Մարդու իրավունքները արդի մարտահրավերների եւ համացանցի դարաշրջանի պարագայում»,-հավելեց Արենսը:
Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհենի խոսքով. «Կարեւոր ձեռքբերում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, որը Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում վերջին ատյանն է համարվում: Ինչ վերաբերում է Եվրադատարանում Հայաստանի վերջին պարտությանը, պետք է նշեմ, որ Եվրադատարանը որոշում է կայացրել ի պաշտպանություն Մարդու իրավունքների: Բայց այն հանգամանքը, որ գործը վերջին ատյանին է հասնում, լավ նշան չէ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ