Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուստամյանը՝ 50-ամյա «ուսման ծարավ» պատգամավորների մասին. « Դաչա ունեն, ավտո ունեն, բա մի հատ դիպլոմ չունենա՞ն»

Դեկտեմբեր 10,2012 19:53

«Ժամանակին դիպլոմը մեծ նշանակություն ուներ, որովհետեւ բոլորը գիտեին՝ ինչպես են դրան հասնում: Մեծ նշանակություն ուներ գիտությունների թեկնածու կամ դոկտոր լինելու հանգամանքը, որովհետեւ բոլորը գիտեին, թե դա ինչ տքնաջան աշխատանք է: Բայց հիմա բոլորը գիտեն, թե ինչպես կարելի է դա շատ արագ ստանալ եւ ինչ ձեւերով ստանալ: Դրա համար այդ ամեն ինչը արժեզրկված է»,- ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց մեր հարցին, թե ինչու է պատգամավորների մի զգալի մաս 30, 40 նույնիսկ 50 տարեկանում է զգացել« ուսման ծարավ» ընդունվել բուհ ու դիպլոմ ստացել: Ըստ Արմեն Ռուստամյանի, «Դա տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որ այսօր գոյություն ունի: Արժեզրկման մի քանի գործընթաց կա: Ամեն ինչ արժեզրկվել է, այդ թվում՝ կրթությունը, դիպլոմ ստանալը, պաշտպանելը: Թղթով այսօր ոչ մեկի չես զարմացնի, որովհետեւ այդ թուղթը մի ուրիշ թղթով առնում են: Թուղթը թղթի հետ փոխանակում են՝ վերջանում է: Իրականում մարդիկ չեն ստանում այն գիտելիքը, որը պիտի գնահատվի այդ թղթով»:

Թե ինչի՞ համար են վերցնում դիպլոմներն այդ տարիքում, գեներալ Մանվելին, Մուրադ Մուրադյանի, Աբրահամ Մանուկյանի, Տիգրան Ստեփանյանի կամ մյուսների ինչի՞ն է պետք դիպլոմը՝ Արմեն Ռուստամյանն այսպես բացատրեց. «Ո՜նց, որ ասեն՝ էդ էլ ունենք: Դաչա ունեն, ավտո ունեն, էն ունեն, էն ունեն, բա մի հատ դիպլոմ չունենա՞ն»:

30 տարեկանում դիպլոմ ստացող պատգամավորներից է նաեւ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա այդ առնչությամբ մեզ հետ զրույցում պատասխանեց. «Դա իմ անձնական խնդիրն է, եւ որեւէ մեկի խնդիրը չէ, թե ես երբ եմ բուհ ընդունվել, երբ եմ ավարտել, այ քեզ բաաաա՜ն»:

Երբ տիկին Բիշարյանին փոխանցեցինք Արմեն Ռուստամյանի գնահատականը, որ դիպլոմն արժեզրկված է, որ պպատգամավորներն ուղդղակի տանն ունենալու համար ձեռք են բերում դիպլոմ՝ տիկին Բիշարյանը համաձայնեց. «Իհարկե, արժեզրկված է: Ես այն մարդկանցից մեկն եմ, որ կրթության, գիտության մարդ եմ, տասնյակ տարիներ աշխատել եմ դպրոցում, նաեւ որպես մանկավարժ թեկնածուական եմ պաշտպանել, գիտությունների թեկնածու եմ, ես իմ ճանապարհն ունեմ: Թե 2-3 կամ 4 տարի հետո ինչու եմ ուշ դիմել, կրթությամբ զբաղվել՝ դա իմ խնդիրն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31