Շաբաթ օրը ՀՅԴ-ն իր յոթ կետանոց օրակարգը քննարկել էր ՀՀԿ եւ ՀՀ նախագահի հետ: Իսկ այսօր ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի՝ մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեմ է եղել խորհրդարանական կառավարմանն անցնելու ՀՅԴ առաջարկին:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ի առաջարկած որոշ սկզբունքների դեմ էր արտահայտվել նաև ՀԱԿ-ը: ՀՅԴ-ի շուրջ ստեղծված այս իրավիճակը հաշվի առնելով՝ ինչպիսի՞ն կարող է լինել ՀՅԴ-ի՝ առաջիկա ՀՀ նախագահական ընտրություններում մասնակցության ձևաչափը: Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց. « Ընտրություններից առաջ Դաշնակցությունը դաշնակիցներ է փնտրում քաղաքական դաշտում, բայց ակնհայտ է, որ հիմնական կուսակցություններն ունեն սեփական թեկնածուները և համագործակցություն հազիվ թե հաջողվի: Թերևս Դաշնակցությանը կմնա սեփական թեկնածուով հանդես գալու ընտրությունը:
Կարծում եմ՝ ինչ-որ ձևաչափով ՀՅԴ-ն կմասնակցի ընտրություններին: Եթե չհաջողվի դաշնակից գտնել կուսակցությունների շարքերում, նա, իհարկե, սեփական թեկնածուով կմասնակցի: Հակառակ պարագայում կուսակցությունը բավականին լուրջ կորուստներ կունենա՝ կորցնելով դիվիդենդներ, ավելի կթուլացնի իր դիրքերը Հայաստանի ներսում»:
Կարդացեք նաև
Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ այս առիթով ասաց. « Հրանտ Մարգարյանն էլ այսօր հարցազրույցում հայտարարել է, որ կարող են և պաշտպանել ուրիշ թեկնածուի, կարող են և բոյկոտել, և իրենք թեկնածու ունենալ: Դեռ իրենք չգիտեն՝ ինչ են անելու, ես որտեղի՞ց իմանամ»:
Մեր այն հարցին՝ այս փաստը վկայո՞ւմ է այն մասին, որ Դաշնակցության դիրքերը ներքաղաքական դաշտում թուլացել են, պարոն Քոչարյանն այսպես պատասխանեց. «Դաշնակցության դիրքերը թուլացել են՝ մեղմ ասած: Դաշնակցությունն, իհարկե, այն միակ քաղաքական ուժն է մնացել դեռ, կամ կարող էր մնալ, կամ կարող է դեռ մնալ, որը իրոք լուրջ քաղաքական կառուցվածք ունի, ինչն ապացուցել է 120 տարի: 120 տարվա մեջ իրենք էլի են ճգնաժամային իրավիճակներ ունեցել: Դա նորմալ պրոցես է, պարզապես հիմա նրանց մոտ ներքևի պիկն է: Դա ավելի ներկուսակցական ճգնաժամային իրավիճակ է, քան քաղաքական դաշտում իրենց թուլացումն է: Բայց դրա հետևանքով նրանք թուլացել են նաև քաղաքական դաշտում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՈՒՆՅԱՆ