Լրահոս
Օրվա լրահոսը

«Հսկայական կոռուպցիա կա». Արթուր Գրիգորյան

Դեկտեմբեր 10,2012 17:39

«Հասարակությունը օր օրի ակտիվանում է տարբեր բնապահպանական շարժումներով: Ունենք կառավարություն, որը մշակելով օրենքներ՝ չի կարողանում ապահովի, որպեսզի բոլոր դրույթները ճիշտ ներդրվեն»,-այսօր «Շրջակա միջավայրը եւ հասարակությունը» գրքի շնորհանդեսի ժամանակ նշեց գրքի համահեղինակ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, Ստանդարտների ազգային ինստիտուտի ստանդարտացման գծով փոխտնօրեն Գեւորգ Նազարյանը:

Նրա պնդմամբ՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը եւ բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ եւ այլոց հետ համատեղ պահպանել եւ բարելավել շրջակա միջավայրը: Պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար:

Էկոլոգիական իրավունքի մասնագետ, ակտիվիստ Արթուր Գրիգորյանի խոսքով՝ գրքում կոռուպցիայի հետ կապված խնդիրներ էլ են արծարծվում.

«Հսկայական կոռուպցիա կա, հասարակությունը մեկուսացված է որոշում կայացնելու պրոցեսից: Հայաստանում մեզ պատկանող բնապահպանությունից ստացված եկամուտը անհամաչափ է բաժանվում: Իրավական պաշտպանությունից հասարակությունը զրկված է»:

Գրքում համակողմանիորեն ներկայացվել են շրջակա միջավայրի խնդիրները Հայաստանում, վերլուծվել են այդ խնդիրների ծագման պատճառները եւ լուծումներ առաջարկվել:

Գրքի հիմնական նպատակն է՝ բարձրացնել շրջակա միջավայրի բնագավառում բնակչության իրավագիտակցության մակարդակը, նպաստել շրջակա միջավայրի վերաբերյալ ընդունվող որոշումների օրինականությանը, դրանց ընդունմանը հասարակության մասնակցության ապահովմանը, իշխանության հաշվետվողականությանը եւ թափանցիկ գործելաոճին: Բնապահպանական շարժումների եւ քաղաքացիական նախաձեռնությունների հաջողված օրինակների միջոցով ցույց է տրվել, որ կարելի է հասնել արդյունքի եւ շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումներ կայացնելիս հարկադրել հաշվի առնել հասարակական կարծիքը:

Գրքի տարբեր բաժինների վրա աշխատել են բնապահպանության բնագավառի փորձագետներ Գեւորգ Նազարյանը, Արամ Գաբրիելյանը, Սիլվա Ադամյանը, Մերի Խաչատրյանը, Գարեգին Չուգասզյանը, Հարություն Մեսրոպյանը, Ռուզաննա Ղազարյանը, Գոհար Ղազինյանը, Արթուր Համբարձումյանը, Արթուր Գրիգորյանը, Էրիկ Գրիգորյանը եւ Այսեր Ղազարյանը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31