Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարարությունում քննարկվել են Քուվեյթի կողմից սիրիահայերին աջակցության ծրագրեր

Դեկտեմբեր 10,2012 17:35

Դեկտեմբերի 10-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բասսամ Մոհամմեդ ալ Քաբանդիին, Միջազգային իսլամական բարեգործական կազմակերպության  ղեկավար Մոհամմեդ Ս. Մ. Աբուգեյթին, «Քուվեյթ Նյուզ» գործակալության գլխավոր խմբագիր Համեդ ալ-Ամիրիին:

Սփյուռքի նախարարի հետ նոյեմբերի 29-ին կայացած հանդիպման ընթացքում դեսպան Բասսամ Մուհամմադ ալ Քաբանդին նախարարին տեղեկացրել էր, որ իր՝ Քուվեյթ կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում գտնվող սիրիահայերին 100.000 ԱՄՆ դոլարի սահմաններում աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:

Նախարար Հ. Հակոբյանը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանում գտնվող սիրիահայերի հիմնախնդիրները և աջակցության ծրագրերն իրականացնելու այն անհրաժեշտ ուղղությունները, որոնց առանձնահատուկ ուշադրություն և առաջնահերթություն պետք է հատկացնել: Նախարարը տեղեկացրեց, որ ներկայումս Հայաստանում գտնվող սիրիահայերի համար շարունակում են առաջնահերթ մնալ բնակարան, աշխատանք և կայուն եկամուտ ունենալու խնդիրը: Սիրիահայերը ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ հիմնել են իրենց հասարակական կազմակերպութույնը` «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնը», որի աշխատանքների շրջանակում բացահայտվում և գնահատվում են սիրիահայերի կարիքներն ու առաջնահերթ հիմնախնդիրները, ապա դրանք ներկայացվում են տարբեր  բարեգործական կազմակերպությունների, որի արդյունքում որոշակիորեն լուծվում են նրանց հագուստի, պարենային մթերքների ձեռքբերման հարցերը:

Միջազգային իսլամական բարեգործական կազմակերպության  ղեկավար Մուհամեդ Ս. Մ. Աբուգեյթին տեղեկացրեց, որ իրենք ցանկություն ունեն տեղում` ՀՀ սփյուռքի նախարարության օժանդակությամբ, ուսումնասիրել իրավիճակը, որոշել սիրիահայերին տրվող օժանդակության ձևն ու չափը:

Նախարար Հ. Հակոբյանը խորհուրդ տվեց Հայաստանում գտնվող սիրիահայերի համար իրականացնել երկարաժամկետ և մնայուն ծրագրեր՝ նկատի ունենալով բնակարանների անհրաժեշտությունը: Միջազգային իսլամական բարեգործական կազմակերպության  ղեկավար Մուհամեդ Ս. Մ. Աբուգեյթը պատրաստակամություն հայտնեց ուսումնասիրել նախարարի կողմից արված առաջարկները՝ միաժամանակ նշելով, որ իրենք, այնուամենայնիվ, ցանկություն ունեն հատկապես երեխաներին  ապահովել տաք հագուստով, դեղորայքով և պարենային մթերքներով:

Հանդիպման ավարտին  որոշվեց նպատակակետ ընդունել 200 առավել կարիքավոր ընտանիքներին առաջին անհրաժեշտության պարենամթերքով, տաք հագուստով կամ ծածկոցներով ապահովումը: Սփյուռքի նախարարության օգնությամբ նրանք տեղում կուսումնասիրեն և կծանոթանան իրավիճակին, այնուհետև անհրաժեշտության դեպքում  նոր մոտեցումներ կորդեգրեն:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31