Լրահոս
Օրվա լրահոսը

Վաժա Ազիարաշվիլի. «Այս պահին իմ կինն է մահանում, երդվում եմ որդուս գերեզմանով»

Դեկտեմբեր 10,2012 17:27

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր ավարտվեց անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին ՀՀ Ազգային եւ ԵՊՀ գրադարաններից 150 միավոր հնատիպ գրքերի գողության մեջ մեղադրվող Վաժա Արզիարաշվիլու, Երվանդ եւ Դավիթ Ղամբարյանների, Հասմիկ Դուրգարյանի, Կարեն Հովհաննիսյանի, Վարդան Եղիզարյանի եւ Աբգար Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Պաշտպանական ճառերով հանդես եկան փաստաբաններ Սեդա Սաֆարյանը, Վաղինակ Գեւորգյանը:

Դատարանը վերջին խոսքի իրավունք տվեց բոլոր ամբաստանյալներին: Վրաստանի քաղաքացի Վաժա Ազիարաշվիլին իր թարգմանի միջոցով ասաց, որ ինքը ոչ մի գողություն չի կատարել եւ վճարել է գրքերի համար: «Եթե գողություն անեի, չէի կարող գալ Հայաստան: Եթե իմ նկատմամբ գրավ կիրառվեր, հնարավոր չէր լինի սահմանը հատել: Իմ ձերբակալման ժամանակ իմ տղան մահացավ, հիմա, այս պահին իմ կինն է մահանում նույն հիվանդությունից՝ սարկոմա: Երդվում եմ իմ տղայի գերեզմանով, որ ես մեղավոր չեմ, ես հրեշտակ չեմ, ես մեղավոր եմ, որ գնել եմ գողացված գրքեր»,- ասաց վրացի ամբաստանյալը:

Իր վերջին խոսքում նա նաեւ ասաց, որ անհնար էր 150 գիրք գողանալը, դա ամբողջ երթուղային տաքսին կլցներ: Նա պահանջում էր ոստիկանապետին, որպեսզի գա ասի, թե ինչու են իր նկատմամբ այս գործը պլանավորել: Ապա դիմելով դատախազին, ասաց. «Եթե 20 հազար դոլար տամ մեղադրողին, ասեմ ինձ տուն թող, մեղավո՞ր կլինեմ»:

Նա ցույց տալով դահլիճում նստած ԵՊՀ գրադարանի երկարամյա աշխատող, 61-ամյա Հասմիկ Դուրգարյանին, ասաց. «Պետք է ձերբակալել գրադարանի տնօրենին եւ նրա տեղակալին, թե ինչու է թանկարժեք գրքերը ոչնչանում, փտում: Երբ մտա գրադարան, լացս գալիս էր: Այդ կնոջը պիտի պարգեւատրել մեդալով: Հազարավոր գրքեր կան համալսարանում, որին եթե կրակ կպցնես՝ չեն այրվի: Մինչդեռ այս կինը հազարից ավելի գիրք է փրկել: Այդ գրքերի հիվանդությունը թոքախտից ուժեղ է»:

Ամբաստանյալի պաշտպան Արտավազդ Փարսադանյանը դատարանից խնդրեց ժամանակ, որպեսզի վերադարձնեն Վաժա Արզիարաշվիլու գնած գրքերը:

Հասմիկ Դուրգարյանը դատարանին ներկայացրեց իր վատառողջ լինելու մասին բժշկական քաղվածքները եւ խնդրեց մեղմ պատիժ:

Հիշեցնենք, որ մեղադրող Ա. Նադոյանը նրա համար պահանջել է ազատազրկման հետ կապ ունեցող պատիժ: Ազգային գրադարանի ոստիկան Աբգար Հովսեփյանի պաշպանն ասաց, որ իր պաշտպանյալի նկատմամբ քրգործ են հարուցել միայն այն բանի համար, որ նա մեկ ժամ շուտ տուն է գնացել՝ կապված առողջության հետ: «Վայ այն ոստիկանությանը, եթե այդ մեկ ժամի համար հեղինակազրկվել է» (մեղադրանքում գրվել է, որ հեղինակազրկել է պետական մարմնին): Պաշտպանն ասաց, որ 20 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում այդ ոստիկանը որեւէ տույժի չի ենթարկվել, ունի 6 անձից բաղկացած բազմանդամ ընտանիք եւ դատարանին դիմելով կոչ արեց, որ իր գործողություններով չնպաստի, որ մի բազմանդամ ընտանիք էլ լքի Հայաստանը:

Վաժա Արզիարաշվիլու վարորդի՝ Կարեն Հովհաննիսյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը գտնում էր, որ Կարեն Հովհաննիսյանի գործողություններում հանցակազմ չկա եւ իր պաշտպանյալը, որն անգամ ռուսերեն չգիտի, չէր կարող գնալ ռուսալեզու հնատիպ գրքերի գողության: «Գողության հանցակազմը կասկածի տակ է դրված: Ես համադրում եմ մյուս ամբաստանյալների ցուցմունքները եւ հանգում եմ այն եզրակացության, որ ենթադրվող հանցագործությունը չի եղել»,- ասաց Ս. Սաֆարյանը: Մեղադրողը վարորդի համար պահանջել է 5 տարի ազատազրկում:

Պաշտպանին մնում էր խոստովանել, որ ոչինչ չի հասկանում պատժաչափից՝ ինչ ցանկանում են, այն պահանջում են մեղադրողները: Նա պահանջեց ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ:

Մինչեւ խորհրդակցական սենյակ գնալը, դատավորը դեկտեմբերի 26-ին (հանցագործության օրը) կհայտարարի՝ Վաժան իր խոստացած գրքերը վերադարձրե՞ց, թե՞ ոչ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31