Լրահոս
Օրվա լրահոսը

Կազբեկ լեռան մոտ 3 բեռնատար շուռ է եկել

Դեկտեմբեր 10,2012 17:20

Մոսկվայից դեկտեմբերի 7-ին միկրոավտոբուսով ճանապարհ ընկած եւ ամսի 9-ի գիշերը Հայաստան հասած ուղեւորներից մեկը Aravot.am-ի հետ զրույցում նկարագրեց այն իրավիճակը, որն այսօր տիրում է Վերին Լարսի ավտոճանապարհահատվածում: Տիկնոջ խոսքերով, ավտոմեքենաների շարասյունը շատ դանդաղ է առաջ շարժվում, որպեսզի խուսափեն հնարավոր վթարներից. «Կազբեկ լեռան մոտ մի քանի հսկայական ֆուռեր էին շուռ եկել եւ այդ պատճառով, մեծ մեքենաների համար ճանապարհը ժամանակավորապես փակել էին, երթեւեկելու իրավունք ունեին միայն մարդատար միկրոավտոբուսները: Ճանապարհին լռված բեռնատարների մեջ մի քանի տասնյակ հայկական մեքենաներ էլ կային, որոնց վարորդները ավտոմեքենայի խցիկում գիշերներ են անցկացնում, մինչեւ որ մերկասառույցը հալչի եւ ճանապարհն անցանելի դառնար»:
Նշենք, որ արդեն քանի օր է՝ հայկական մոտ 300 բեռնատարներ չեն կարողանում Հայաստան հասնել՝ Ռուսաստան-Վրաստան ճանապարհին տեղացած առատ ձյան պատճառով:
Aravot.am-ի հետ զրույցում բեռնափոխադրումներով զբաղվող «Ապավեն» ընկերության փոխտնօրեն Արմեն Դավթյանն ասաց, որ այս պահին անմխիթար վիճակ է եւ չեն կարող ասել, թե ճանապարհը երբ անցանելի կլինի: Նրա խոսքերով, իրենց մեքենաների վարորդներին հորդորել են հետ դառնալ եւ Ուկրաինայով գալ, ինչը լրացուցիչ ծախսեր է ենթադրում ընկերության համար: Արմեն Դավթյանը նաեւ հայտնեց, որ բեռնատարների պարունակությունը մասնավորապես ամանորյա ապրանքներ են, որոնց թվում կա նաեւ սնունդ:

Մեր հարցին, թե, եթե այսպես շարունակվի, հնարավո՞ր է թանկացումներ լինեն, պարոն Դավթյանն ասաց` չի բացառվում եւ կատակով ավելացրեց` հնարավոր է, որ հայ ազգը նոր տարի չանի: Նրա տվյալներով, 200 բեռնատար Ռուսաստանի տարածքում է կանգնած, 100 մեքենա էլ՝ Վրաստանի:
Այսօր ժամը 16-ի դրությամբ Լարսի ճանապարհը շարունակում էր փակ մնալ բեռնատարների համար: Հայաստանի ԱԻ նախարարությունը, վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվությունը, հայտնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների եւ մինչեւ 30 նստելատեղ ունեցող ավտոբուսների համար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31