Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Եթե ոստիկանությունը քննադատությանը զգայուն չլիներ, որեւէ կերպ արձագանք կարող էր չլինել»

Դեկտեմբեր 10,2012 16:47

Այսօր մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Aravot.am-ը ԱԺ պատգամավոր, նախկին փաստաբան Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում այսօր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը: Նա պատասխանեց. «Ինչ-որ գնահատական չկա, որ, ասենք, 4 դնես, 5 կամ 3: Կան խնդիրներ` մարդու իրավունքների հետ կապված եւ ամենակարեւորն այն է, որ մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ դեռ չեն ձեւավորվել: Այսինքն, մարդու իրավունքները բոլոր երկրներում էլ խախտվում են, բայց մյուս զարգացած երկրների հետ համեմատած` տարբերությունն այն է, որ նրանք ունեն մեխանիզմներ, կարողանում են այդ իրավունքները պաշտպանել, իսկ մեզ մոտ դեռեւս այդ մեխանիզմներն արդյունավետ չեն: Հետեւաբար ոչ միայն պաշտպանելու խնդիր ունենք, այլ նաեւ խախտված իրավունքի վերականգնման խնդիր ունենք, որի պատճառով գործերը ներպետական ազգային համակարգից դուրս են գալիս ու գնում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան կամ, ասենք, ՄԱԿ-ի կոմիտեներ: Հետեւաբար իմ հիմնական մտահոգությունը մեխանիզմներ չունենալն է: Մարդու իրավունքները կարող են խախտվել, բայց քաղաքացին պետք է վստահ լինի, որ կդիմի դատարան եւ իր իրավունքը կպաշտպանվի, որ դատարանն իր խախտված իրավունքը կվերականգնի: Ամբողջ խնդիրը սա է, իսկ մնացած բաներն արդեն ածանցյալ են, որոնց վրա իմաստ չունի կենտրոնանալ»:

Էդմոն Մարուքյանն ասաց, թե քաղաքացիները, իմանալով, որ ինքն իրավապաշտպան է, մոտենում են եւ իրավական խնդիրներով են դիմում` սեփական իրավունքի հետ կապված խնդիրներից մինչեւ պետական բյուրոկրատիա:

Մեր հարցին, թե ինչպե՞ս է գնահատում պաշտպան Կարեն Անդրեասյանի աշխատանքը` Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ես չէ, որ պետք է Կարեն Անդրեասյանի աշխատանքը գնահատեմ: Կարեն Անդրեասյանի աշխատանքը պետք է գնահատեն մեր քաղաքացիները, ովքեր որ դիմում են նրան ու ինչքանով են նրա` որպես ՄԻՊ աջակցությունը ստանում: Իմ կարծիքով, դա հեղինակության վրա աշխատող ինստիտուտ է: Ինչքան հեղինակություն ունի, այնքան արդյունավետ կաշխատի, ինչքան մամուլը, պետական մարմինները նրա հեղինակությունը գցում են, այնքան նրա գործունեությունը դառնալու է անարդյունավետ»:

Էդմոն Մարուքյանը գտնում է, որ այսօր պետական կառավարման համակարգը դարձել է ավելի թափանցիկ, եթե համեմատենք անցյալ տարվա հետ. «Պետական ինստիտուտներն ավելի զգայուն են դարձել թե’ մամուլի քննադատության տեսանկյունից, թե’ քաղաքացիական հասարակության` հ/կ-ներ, ակտիվիստների քննադատության առումով»:

Մեր հարցին` կարո՞ղ է Զարուհի Փոստանջյանը ճիշտ է, իշխանամետ եք դարձել, գովում եք, ինչպե՞ս եք զգացել, որ պետական մարմիններն ավելի զգայուն են դարձել` նա օրինակ բերեց. «Ամենաթարմ օրինակը. ոստիկանության հետ կապված youtube-ի վիդեոն: Եթե ոստիկանությունն այդ քննադատությանը զգայուն չլիներ, որեւէ կերպ արձագանք կարող էր չլինել: Կարող էին ձեւական ասել, որ նրան նկատողություն ենք հայտնել: Բայց ամենախիստ պատժի ենթարկվեցին այդ մարդիկ` աշխատանքից ազատվեցին: Կամ Խոսրովի անտառի տնօրենի նշանակումը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31