«Գագիկ Ծառուկյանը կարող է լինել թեկնածու, բայց ընդդիմության միասնական թեկնածո՞ւի՝ չգիտեմ»,- այսօր «Առավոտ», «Ազատություն» ռ/կ, yerkir.am լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Պարոն Մարգարյանն ասաց, թե հավանական է համարում, որ ուժի մեջ կմնա «կոնսենսուս-1» կարգախոսը:
Aravot.am-ի հարցին՝ ինչո՞վ ՀՅԴ-ին հարազատ չէր Դավիթ Շահնազարյանի առաջարկած «կոնսենսուս-օլիգարխիա» կարգախոսը, պարոն Մարգարյանն պատասխանեց. «Եթե կոնսենսուսը տեղի է ունենում մեր օրակարգի շուրջ, մինուս օլիգարխիա էլ է լինում: Մենք մեր օրակարգի շուրջ ենք ուզում համախոհություն ստեղծել, եթե մենք երկիրն այս իրավիճակից դուրս բերելու ծրագիր ենք առաջարկում, ուրեմն անպայման օլիգարխիան մերժող, օլիգարխիայի իշխանությունը մերժող ծրագիր է: Մենք՝ փոխարեն ասենք՝ մահ, ասում ենք՝ կեցցե: Մենք չենք ասում՝ սրա դեմ ենք, մենք ասում ենք՝ սրա հետ ենք: Դրական մթնոլորտում ենք ուզում համախոհությունը: Համախոհությունը թշնամական մթնոլորտի մեջ չի կարող ստեղծվել»:
Կարդացեք նաև
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ կա՞ մեկ ուժ, որը խորհրդակցությունների ընթացքում 100 տոկոսով ընդունել է ՀՅԴ-ի առաջարկները, Մարգարյանն ասաց. «Բավական լուրջ մարդիկ, որոնք, գուցե կուսակցության պատասխանատուներ չեն, բայց մտածող մարդիկ են եւ կուսակցությունների մեջ եղանակ ստեղծող մարդիկ են՝ 100 տոկոսով ընդունել են մեր ծրագիրը»:
Ավելին ասել, Մարգարյանը չցանկացավ. «Ճիշտ կլինի, որ իրենք խոսեն այդ մասին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ