Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ. «Մենք մեր թեկնածուն ունենք» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 10,2012 15:56

Արդեն տեղի ունեցած քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գնահատմամբ, «համընդհանուր առումով լավ մթնոլորտ կա՝ քով-քովի գալու, իրար բռնելու, այս ծրագրի շուրջ համախմբվելու»՝ նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական հանդես գալու մասով, թեեւ «որոշ ջղաձիգ բաներ կան, առանձին մարդկանց կողմից»: Այս մասին այսօր «Առավոտ», «Ազատություն» ռ/կ, yerkir.am լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց պարոն Մարգարյանը:

Նա հարցը բարդ է համարում երկրորդ փուլում՝ միասնական թեկնածուի առումով համաձայնության գալու ժամանակ: «Բայց ես հավատում եմ, որ ով այս օրակարգային յոթ կետն անկեղծորեն եւ լավատես յուրացնի՝ նա նաեւ կկարողանա միացյալ թեկնածուի շուրջ ճիշտ մոտեցում ցույց տա: Ով ձեւական է ընդունել կամ ինչ-որ սխալ սպասելիքով է ընդունել, հավանաբար, ուրիշ բան կանի»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ ՀՀԿ-ն, այնուհանդերձ, դուրս կմնա խորհրդակցություններից, թեեւ պայմանավորվածություն կա հանդիպումները եւ քննարկումները շարունակելու մասին:

Aravot.am-ի հարցին՝ խորհրդարանական ընդդիմադիր ուժերից դժգոհություններ ստացե՞լ է ՀՅԴ-ն՝ նախագահի հետ հանդիպման առիթով, քանի որ այդ ուժերն անցյալ շաբաթ կազմակերպված հասարակական քննարկման ժամանակ, ըստ էության համաձայնեցին ՀՅԴ-ի առաջարկները միասնական պլատֆորմի վերածելու: «Լուրջ, պատասխանատու անձանց կողմից նման դժգոհություն չի հնչել»,- ասաց Հ. Մարգարյանը՝ հավելելով, որ այդ օրն էլ իրենց ելույթներում ՀՅԴ-ականները հայտարարեցին, որ բոլոր ուժերին են առաջարկել քննարկել իրենց օրակարգը, այդ թվում նաեւ ՀՀԿ-ին. «Այսինքն, թաքուն որեւէ բան չենք արել: Մենք բացէիբաց էինք արել: Հանդիպման մասին լուրն էլ մենք էինք տվել, քանի որ դա մեզ համար այնքան հերթական էր, բնական էր: Մենք ՕԵԿ-ի հետ էլ ենք հանդիպել, որը կոալիցիայի մեջ է: ՀԱԿ-ի հետ էլ ենք հանդիպել: Էլ ո՞ւմ հետ պիտի հանդիպեինք, որ հասկացվեր՝ մենք հանդիպման ակտի մեջ առարկայական իմաստ չենք դնում, փորձում ենք ստեղծել համընդհանուր համախոհություն՝ երկրի առջեւ ծառացած հիմնական խնդիրների շուրջ»:

Aravot.am-ը նաեւ հետաքրքրվեց՝ բացառությամբ երկու հարցերի՝ խորհրդարանական կառավարման համակարգի անցում եւ հայ-թուրքական ստորագրություններից Հայաստանի ստորագրության ետ կանչում, որոնց ՀՀ նախագահը կտրականապես մերժել է, եթե ՀՀԿ-ն ի դեմս նախագահի համաձայնի ընդունել ՀՅԴ-ի մնացյալ հինգ առաջարկները, որքանո՞վ է հավանական, որ ՀՅԴ-ն սատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: «Եթե իսկապես իրենք հավատքով յուրացնեն, կարող է իրենք սատարեն մեր թեկնածությունը: Մենք թեկնածու չենք փնտրում, որ պաշտպանենք: Մենք մեր թեկնածուն ունենք եւ նրա մասին չենք խոսում, որովհետեւ, համարում ենք, որ կարեւորը օրակարգային կետերն են»,- ասաց պարոն Մարգարյանը՝ հավելելով, որ կարեւորը որ քաղաքական ուժերը խնդիրը ճիշտ հասկանան, այդ դեպքում անձի շուրջ, ով հավատքով իրականության կվերածի այդ յոթ կետերը, համաձայնության գալը առավել դյուրին կլինի:

Իսկ թե ո՞վ է ՀՅԴ-ի թեկնածուն, Մարգարյանը չցանկացավ հրապարակել. «Եթե հրապարակեմ՝ արդեն խախտած կլինեմ»:

Հրանտ Մարգարյանը չբացառեց, որ ՀՅԴ-ն նույնիսկ որոշում ընդունի նախագահական ընտրություններին չմասնակցելու մասին: Ասաց՝ գերագույն ժողովը կորոշի, որի ժամկետները դեռեւս չեն գաղտնազերծվում՝ «մինչեւ դեկտեմբերի 31-ը»:

Ի դեպ, թե նախագահը հանդիպման ժամանակ ՀՅԴ-ի առաջարկած օրակարգային հարցերից որի՞ն է հավանություն տվել, Հրանտ Մարգարյանն ասաց, որ օրակարգն ամբողջությամբ չեն հասցրել քննարկել ու այդ է պատճառը, որ պայմանավորվել են շարունակել հանդիպումները:

Մեկ ժամից ավել տեւած հանդիպման ժամանակ խոսքն առավելապես գնացել է «չընդունվող պարագաների» շուրջ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31