Այս տարի բուտուլիզմով թունավորման 30 դեպք է եղել, որից 4 անձ մահացել է, պատճառը տնային պայմաններում պատրաստած մարինացված վարունգն է, կարմիր պղպեղը եւ լեչոն: Այս մասին, այսօր, «Press master» ակումբում ասաց առողջապահության նախարարության հիգիենիկ, հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը, որը խորհուրդ տվեց՝ տնային պահածոները օգտագործելուց առաջ 20-25 րոպե եռացնել:
Մասնագետի խոսքերով, նախորդ տարի էլ կրկին արձանագրվել է բուտուլիզմով 30 թունավորման դեպք:
Սնուցման բաժնի պետը նաեւ հորդորեց առաջիկա ամանորյա սննդին ուշադիր լինել եւ հատկապես աղցանները համեմել մատուցելուց առաջ, իսկ արդեն թթվասերով կամ մայոնեզով համեմված աղցանները սառնարանում երկար չպահել:
Կարդացեք նաև
Տիկին Բաբայանի վստահեցմամբ, օղին եւ սունկը անհամատեղելի են, ուստի բժշկուհին խորհուրդ տվեց օղի խմելու դեպքում սնկով աղցաններ չուտել, ինչպես նաեւ օղու հետ չխմել կոկա-կոլա, պեպսի եւ նմանատիպ գազավորված այլ ըմպելիքներ, քանի որ դրանք խմելը եւս կարող է թունավորման հանգեցնել: Նոր տարվա կերուխումի օրերին պետք չէ նաեւ ստամոքսը խառը սննդով ծանրաբեռնել. բժշկուհին հորդորեց շատ յուղոտ սնունդ չօգտագործել, իսկ եթե օգտագործվում էլ է, ապա գոնե մի քանի ժամով դադար տալ ուտելուն, մարսելուց հետո նոր անցնել քաղցրավենիքին: Սակայն մինչ ծանր կերակուր ուտելը անհրաժեշտ է միրգ օգտագործել, ապա 20 րոպե հետո նոր անցնել հիմնական, այսպես ասած՝ կշտացնող սնունդին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ