Շաբաթ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ՀՅԴ ներկայացուցիչների հանդիպումը լրատվամիջոցներում տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց, այն համատեքստում, որ այդ հանդիպումը փաստում էր այն մասին, որ ՀՅԴ-ն ետ է կանգնում ընդդիմադիր դաշտում միասնական թեկնածուով հանդես գալու գաղափարից: Որքանո՞վ են տեղին այդ գաղափարները՝ yerkir.am-ի հարցին, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն, որն այսօր հանդիպել էր «Առավոտ», «Ազատություն» ռ/կ եւ yerkir.am լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ասաց. «Մարդիկ կան, որ անհամբեր են, վեր ցատկող են, վեր թռնող են եւ փորձում են ժամանակից շուտ վերլուծություններ անել: Կարծում եմ, որ շնորհակալ գործ չէ: Հետո կփոշմանեն՝ ինչո՞ւ էդպես բան արեցին: Մենք չենք բանակցել նախագահի հետ, մենք խորհրդակցել ենք նախագահի հետ: Մենք չենք բանակցել նաեւ մյուս կուսակցությունների հետ, մենք խորհրդակցել ենք: Մենք բոլոր կուսակցությունների, քաղաքական ուժերի հետ, որ հանդիպել ենք, նկատի չենք ունեցել, որ իրենք դեռ 3-4 ամիս առաջ խորհրդարական ընտրությանն ի՞նչ պլատֆորմով են առաջ եկել, նկատի չենք ունեցել նրանց կենսագրությունը, նախկին դիրքորոշումները, մենք որոշել ենք նոր օրակարգերի շուրջ ստեղծել համախոհություն եւ նաեւ ՀՀԿ-ի հետ հարաբերության մասին առաջին օրն ենք խոսել : Առաջին օրվանից ասել ենք՝ մենք բոլորի հետ ենք խորհրդակցելու՝ անկախ որեւէ նախապաշարումից: ՀՀԿ-ի հետ էլ ենք խորհրդակցել, ՀՀԿ-ի հետ էլ ենք պատրաստ եղել: Մենք այստեղ չենք փորձել թշնամու հարաբերություն ցույց տալ: Եթե մենք միասնականության մասին ենք խոսում, գաղափարականության, ծրագրի մասին, մենք իրավունք չունենք հարցն իջեցնել այն մակարդակի, որ սրա հետ խոսելը մերժելի է, նրա հետ՝ մերժելի: Մեր հարցերի շուրջ մենք խոսում ենք մեր թշնամիների հետ, ինչո՞ւ մեկս մյուսի հետ չկարողանանք խոսել: Խոսելու մեջ վտանգ չկա: Իսկ եթե այդ ուժերն ունեն պատճառ՝ ՀՅԴ-ին չհավատալու,. կարծում եմ, որ դա արդեն իրենց գործն է: Կարծում եմ, որ իրենք մեզ հավատալու շատ պատճառ ունեն, իրենց հավատալու՝ քիչ պատճառ կա»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ եթե նախագահը դեմ է եղել առաջարկվող օրակարգի երկու հարցերին, իսկ ՀՅԴ-ն ի սկզբանե պնդում էր, որ յոթ կետերն էլ պետք է ընդունելի լինեն, որպեսզի քաղաքական ուժերի միջեւ, այսպես ասած, երկխոսությունը կայանա, ինչո՞ւ որոշվեց շարունակական դարձնել քննարկումները, Հրանտ Մարգարյանն ասաց. «Եթե այդ սկզբունքով առաջնորդվեինք, եղել են էլի ուժեր, որ նախապես դեմ են խոսել խորհրդարանական համակարգին: Բայց մենք չենք խուսափում՝ շարունակել զրույցը, որովհետեւ հավատում ենք, որ, վերջիվերջո, խոսակցությունը, շփումը կարող է հանգեցնի մի տեղի, որ համընդհանուր կոնսենսուս ստեղծվի: Միամիտ չեմ, որ կարծեմ, թե նախագահը կարող է համաձայնվի, որ ինքն այլեւս նախագահ չլինի, բայց դա պատճառ չէ, որ մենք էլ հարաբերություն չունենանք»:
Պարոն Մարգարյանի կարծիքով երկիրն այս իրավիճակից հանելու համար անկախ իրենց տարաբնույթ մոտեցումներից, քաղաքական ուժերը պետք է այս ժամանակահատվածում մի ինչ-որ ընդհանուր ծրագրի շուրջ կարողանան համախոհության հասնել:
Կարդացեք նաև
Զուտ գործնապաշտության առումով, մեր զրուցակիցը համարում է, որ նախագահի հետ հանդիպումն անիմաստ էր, բայց. «Կարող է իմաստ ունենա, որովհետեւ մեր հիմնավորումները, մեր ,մտածողությունը կարող է ազդել իր մտածողության վրա: Կընդունվի՝ շնորհակալ կլինենք, չի ընդունվի՝ առնվազն չենք ունենա այն հոգեբանական վիճակը, որ մենք չբացատրեցինք, եթե բացատրեինք՝ կարող է տարբեր լիներ»:
Այս իմաստով, Հրանտ Մարգարյանը՝ համեմատության մեջ դնելով խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների պլատֆորմները, ասում է, որ կարելի է արձանագրել, թե «ջուր ենք ծեծել», քանի որ այն ինչն ասված է յոթ կետերում ասվել է դեռ 10-15 տարի առաջ. «Եթե այդպես մոտենանք, ոչ ոք ոչ մեկի հետ պետք է չխոսի: Բայց ես կարծում եմ, որ լուրջ քաղաքական մարդիկ մեզ հասկանում են: Խնդիրն այստեղ է, որ որոշ անձինք, որոնք ընդհանրապես կարծում են, որ քաղաքականությունը ծայրահեղություն է եւ որքան ծայրահեղ լինես, այնքան ավելի տպավորիչ կլինես՝ սխալ դատողություն է: Ես դա չեմ վերագրում մյուս քաղաքական ուժերին»:
ՀՅԴ-ն բանակցությունները շարունակելու է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ