«2012թ.-ին գրանցվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների 383 դեպք` նախորդ տարվա 454 դեպքի փոխարեն (71 դեպքով նվազում): Նշված ցուցանիշից այս տարի գրանցվել է գողության 186, իսկ նախորդ տարի` 275 դեպք (89 դեպքով նվազում): Մարմնական վնասվածքների դեպքերն այս տարի 35-ն են, որից ծանր էր 7 դեպքը, իսկ նախորդ տարի թիվը կազմում էր 47, որից ծանր էր 12 դեպքը: 2011թ.-ին արձանագրվել է ավազակային հարձակման 15, իսկ այս տարի` 2 դեպք»,-այսօր «Ֆորում» մամուլի ակումբում հայտնեց ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ երրորդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը:
Նա նշեց, որ հանցագործությունների թվի նվազումը կապված է ոստիկանության կատարած համապատասխան ախատանքների հետ. «Այս տարվա հունվարի 18-ին ոստիկանության պետը քրեական հետախուզության գլխավոր վարչությանը, որի կազմում է անչափահասների գործով ստորաբաժանումը, հանձնարարական տվեց` ամենօրյա աշխատանքներ ծավալել դպրոցներում եւ ուսումնական հաստատություններում: Ոստիկանությունը Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ հանրապետության մասշտաբով մտավ դպրոցներ, անցկացրեց զրույց-զեկուցումների շարքեր` բանակի եւ ոստիկանության դերի ու նշանակության մասին եւ պատասխանեց դպրոցականներին հետաքրքրող հարցերին: ՔՀԳՎ անչափահասների գործով բաժինը եղել է հանրապետության բոլոր մարզերում. ինձ հետ միասին տվյալ միջոցառմանը մասնակցում է համապատասխան տարածաշրջանի մարզային ղեկավարությունը, ինչպես նաեւ` անչափահասների գործով ստորաբաժանման աշխատակիցները, որոնք սպասարկում են տարածքի դպրոցները»:
Տիկին Դուրյանը հայտնեց, որ ոստիկանության պետի հանձնարարականով` համագործակցում են ԿԳՆ-ի պատասխանատուների հետ. «Աշխատանքները կատարվում են ոչ միայն դպրոցներում, այլեւ բուհերում, քանի որ հարցը վերաբերում է նաեւ երիտասարդներին: Հանդիպումներ են եղել Ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղում, իսկ այս շաբաթ հանդիպում է նախատեսվում Մանկավարժական համալսարանում»:
Կարդացեք նաև
Բանախոսը նաեւ ասաց, որ ոստիկանության պետի հանձնարարականով` անչափահասների հետ աշխատելիս կիրառվում են նոր մեթոդներ. «Օրինակ, իրավախախտ հաշվառման մեջ գտնվող անչափահասների հետ կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ, մասնավորապես` նրանց հետ այցելեցինք ծերանոց, Խարբերդի մանկատուն: Դա կարեւոր քայլ էր եւ մեծ ազդեցություն թողեց երեխաների վրա. նրանք եղան այն մարդկանց կողքին, ովքեր ունեն դրա կարիքը: Խարբերդում նաեւ ծառատունկ կազմակերպեցինք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ