«Թայմս օֆ Ինդիա» թերթը զրուցել է հայազգի գրող Ջոն Բալյանի հետ, որը վերջերս մեկնել էր Հնդկաստան: Խոսելով Հայոց ցեղասպանության և միջազգայնորեն այն չճանաչելու մասին՝ նա ասել է.
«Հրեաների Հոլոքոստը այնքան լավ չի փաստագրվել, ինչքան Հայոց ցեղասպանությունը, սակայն հրեական համայնքը հզոր է», – ասել է նա՝ թոթվելով ուսերը:
Թերթը գրում է, որ ուշագրավ է Բալյանի կյանքի պատմությունը: Նա ծնվել է պատմական հայկական Դիարբեքիր քաղաքի մոտակայքում գտնվող՝ Անատոլիայի հեռավոր գյուղերից մեկում՝ շատ աղքատ ընտանիքում: Մեծացել է չքավորության մեջ՝ թափառելով Մերձավոր Արևելքի և Եվրոպայի մի քանի երկրներում: Օտար մարդկանց բարեհոգության շնորհիվ նա վերջապես հասել է ԱՄՆ և ընդունվել Կոլումբիայի համալսարան, որտեղ սովորել է լրիվ անվճար հիմունքներով: Երբ նա որոշել է, որ պետք գրի իր կյանքի պատմությունը, համոզված չի եղել, որ այն կհետաքրքրի մարդկանց, քանի որ նա հայտնի մարդ չէր: Այնպես, որ նա որոշեց իրական պատմությունը գրել որպես գեղարվեստական գործ, չնայած ասում է, որ իր կողմից նշված բոլոր դեպքերը իրական են և փաստացի:
«Ես կուզեի իմ պատմությունը պատմել ֆիլմի միջոցով», – նշում է նա, -«Ես ուրախացա, երբ իմացա, որ Շեկհար Կապուրը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու հետաքրքրություններ ունի, թեև մեկ այլ գրքի հիման վրա, որը լույս է տեսել մի քանի տարի առաջ»:
Նա նաև խոսել է հեռուստաստղ Քիմ Քարդաշյանի մասին՝ նշելով, որ նա հիանում է հայերով. «Քարդաշյանները խոսում են իրենց հայկական արմատների և բարձրաձայնում են Հայոց ցեղսպանության մասին»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ