Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Քյարամ Ամոյանի, Արտուշ Հակոբյանի եւ մյուսների գործով դատական հերթական նիստը: 6 ամբաստանյալներ մեղադրվում են մի շարք պաշտոնական անձանց բնակարաններում ավազակային հարձակումներ կատարելու մեջ:
Դատավորը տեղեկացրեց, որ նոյեմբերի 19-ից դատական նիստեր տեղի չեն ունեցել, հետեւաբար ինքը չի կարողացել հրապարակել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետից ստացված տեղեկանքի մասին: Ըստ այդ տեղեկանքի, ամբաստանյալ Ք. Ամոյանին անհրաժեշտ է գանգուղեղային տրավմայի հետ կապված ԷԿԳ հետազոտություն, որը պետք է իրականացվի առողջապահության նախարարության բուժհիմնարկի կողմից:
Դատախազ Ջ. Ֆարխոյանն առարկեց այդ փաստաթղթի դեմ, ասելով, որ դատարանին չպետք է ուղարկվեր այդ գրությունը եւ որ ՔԿՀ պետը պետք է առաջնորդվեր «Ձերբակալվածների եւ կալանավորվածների մասին» օրենքի համաձայն:
Ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի (հայտնի է «Սուրիկի Լավաշի» տնօրենի որդի) պաշտպան, փաստաբան Հովիկ Ասրյանը կողմ էր ամբաստանյալին բուժհետազոտության ենթարկելուն:
Կարդացեք նաև
Հետեւեց Քյարամ Ամոյանի պաշտպանի երկրորդ միջնորդությունը. նա միջնորդեց, որպեսզի Քյարամը ենթարկվի դատհոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննության, հայտարարելով, որ իր պաշտպանյալն ունի ներքին տագնապ եւ վախի զգացողություն, տարբեր բուժհիմնարկներից տրված փաստաթղթերի հիման վրա եզրակացրել են ուղեղի ոչ բավարար աշխատանքի մասին եւ պաշտպանը փորձաքննությանը ուղղում էր հետեւյալ հարցերը՝ արդյոք ուղեղի աշխատանքի խանգարումը ազդե՞լ է Քյարամ Ամոյանի հոգեկանի վրա, արդյոք նա հոգեկան հիվա՞նդ է: Պաշտպանին հետաքրքրում էր նաեւ, թե որքանով է Ք. Ամոյանի վարքագիծը համարժեք իրադրության գնահատման հարցում եւ որքանով է արժանահավատ նա՝ իրավիճակը ներկայացնելիս: Դատարանը հետաձգեց այդ միջնորդությունը՝ գտնելով, որ բուժզննման փաստաթուղթը ձեռք բերելուց հետո հնարավոր է անդրադառնալ միջնորդությանը: Պաշտպանական կողմը ակնարկել էր նաեւ, որ իրավասու կարող է լինել առողջապահության նախարարության միջգերատեսչական մարմինը:
Միջնորդությունից հետո ցուցմունքներ տվեցին տուժող, «Լինսի» հիմնադրամի ԾԻԳ-ի պատասխանատու Էդուարդ Բեզոյանը եւ նրա ընտանիքի անդամները, բացառությամբ տղայի, որը, ըստ տուժողի, հանրապետությունից բացակայում է Գերմանիայում գտնվելու պատճառով: Նա նկարագրեց անցյալ տարվա մայիսի 31-ի գիշերը, ժամը 4.30-ի սահմաններում, երբ իր ննջասենյակի դուռը բացվել է եւ դիմակավորված անձինք ներխուժել են այնտեղ: Նրանք պահանջել են գումար, Բեզոյանը փորձել է, ըստ իր ցուցմունքի, դիմակավորվածներից մեկի դիմակը հանել, հետագայում գիտակցությունը կորցրել է: Այդ ընթացքում ամբաստանյալ Դավիթ Գալստյանն ասաց՝ «սուտ է ասում», ինչին հետեւեց դատավորի կողմից սանկցիա կիրառելը զգուշացման ձեւով:
Տուժողը ներկայացրեց, թե ինչպես են դեպքից մի քանի օր հետո Դավիթին բերել իրենց տուն, «թե ինչպես նա ոստիկանների պաշտպանությամբ» ցույց է տվել, նկարագրել է դեպքի առանձին մանրամասները: Պաշտպանի հարցին, թե նախաքննության ընթացքում որեւէ քննչական գործողություն կատարվե՞լ է, որեւէ անձ, գույք ճանաչման ներկայացրե՞լ են, տուժողն ասաց՝ ոչ: Իսկ այն հարցին, թե ի՞նչ են հափշտակել, «Լինսի» հիմնադրամի պատասխանատուն ասաց, որ իր ընտանիքի անդամների ոսկեղենը, բայց թե ինչ չափի է, որքան է կազմում, նա չկարողացավ ներկայացնել: Խոսքը, ըստ նախաքննության մարմնի, մինչեւ 220 հազար ԱՄՆ դոլարի ոսկեղենի մասին է:
Տուժողներից հափշտակված գույքի, ոսկեղենի գումարի չափի մասին դժվարացավ ասել նաեւ Բեզոյանի աղջիկը: Մեկ խոսվում էր 90 կտոր ոսկեղենի մասին, մեկ՝ 50, մեկ՝ 25.000 դոլարի, իսկ Աննա Բեզոյանն էլ ասաց. «Ոսկու շուկա եմ գնացել, նմանեցրել եմ, գրել եմ»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ