Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Սարգսյանը դեմ է եղել խորհրդարանական կառավարմանն անցնելու ՀՅԴ առաջարկին

Դեկտեմբեր 10,2012 14:19

«Ինչպես տեղյակ եք, մենք, նախագահական ընտրությունների հարցով միասնական օրակարգ մեջտեղ բերելու նախաձեռնություն ենք ունեցել եւ փորձել ենք այս միասնական օրակարգի շուրջ ստեղծել համընդհանուր համախոհություն: Այս ծրագիրը ոչ որեւէ մեկի դեմ է եղել, ոչ էլ հանուն որեւէ անձի է եղել: Հանուն ծրագիր է եղել այն, ինչը որ մենք փորձել ենք անել: Մենք մինչեւ հիմա չենք խոսել՝ որ քաղաքական ուժն ինչին է համաձայն եղել: Բայց, բնական է, որ գործող նախագահը շատ ավելի հիմնականորեն որոշ բաներ մերժեց, չընդունեց»,- այսօր «Առավոտ», «Ազատություն» եւ «Yerkir.am» լրատվամիջոցների թղթակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ ավելացնելով, որ հերթական հանդիպումների շարք ենք ունեցել՝ քաղաքական ուժերի հետ վերջին հանդիպումը եղել է ՀՀԿ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն իր յոթ կետանոց օրակարգը ՀՀԿ եւ ՀՀ նախագահի հետ քննարկել էր շաբաթ օրը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակելու մասին: Թե երբ է լինելու հաջորդ հանդիպումը՝ հստակ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Aravot.am-ը Հրանտ Մարգարյանից խնդրեց հստակեցնել, թե հատկապես ո՞ր կետերին էր հանրապետության նախագահը դեմ: Թեեւ այլ ուժերի հետ խորհրդակցություններից հետո նման հստակեցումներ չէին արվել, Մարգարյանն այս պարագայում ճիշտ համարեց դա. «Նա խորհրդարանական համակարգի մասին ասաց, թե համակարգը չի, որ պայմանավորում է երկրի լավ ու վատ լինելը, իսկ հայ-թուրքական արձանագրությունների հարցով համարեց, որ իր քայլը ճիշտ է եղել: Բնականաբար, մենք հակառակ կարծիքն ունեինք, մտքերի փոխանակություն տեղի ունեցավ եւ այս հակառակությունն էլ նոր երեւույթ չի: Մենք անգամներ հանդիպել ենք, անգամներ խոսել ենք, մանավանդ՝ հայ-թուրքական հարաբերությունների, արձանագրությունների հարցով: Դա միշտ եղել է մեր խոսակցության նյութն, այսպես ասած, նոր բան, նոր հայտնագործություն այդ հանդիպման ժամանակ չի եղել»:

Հիշեցնենք, որ ի թիվս այլ հարցերի, ՀՅԴ-ն իր յոթ կետանոց օրակարգում առաջարկում էր խորհրդարանական կառավարման համակարգի անցում եւ հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրության ետ կանչում:

Հրանտ Մարգարյանը հարկ համարեց մեկ անգամ եւս հստակեցնել, որ ՀՅԴ-ն իր նախաձեռնությամբ մեկ նպատակ է հետապնդում. «Որ նախագահական ընտրությունները ոչ թե անձերի պայքարի վերածվի, այլ ծրագրերի պայքարի վերածվի: Մենք կարողանանք մթնոլորտը քաղաքականացնել եւ գաղափարականացնել, որ մարդիկ իմանան, որ իրենց ապագան, իրենց երեխաների ապագան պայմանավորված է՝ թե ի՞նչ ծրագիր է փորձ արվելու այս երկրում իրագործել, ոչ թե անհատներով է պայմանավորված: Կարծում եմ, որ մինչեւ այսօր հաջողած ենք, ոչ թե այն առումով, որ կարողացել ենք ստեղծել համընդհանուր համախոհություն, բայց կարողացել ենք ստեղծել այդ ծրագրի շուրջ համընդհանուր խոսակցություն, մտքերի փոխանակություն, որն, անշուշտ դրական է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31