Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Հարությունյան. Աշխարհի վերջի հետ կապված բոլոր փաստերը կեղծ են

Դեկտեմբեր 10,2012 14:09

Տիեզերական աղետի միջոցով դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջի հետ կապված որեւէ փաստական հիմք գոյություն չունի. այս մասին հայտարարեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, նշելով, որ մոլորակների շքերթ երբեք չի լինի, նման բան չկա: «Բոլոր մոլորակները պտտվում են տարբեր պարբերություններով: Ինչ է նշանակում շքերթ. ամեն մեկը պտտվում է արեգակի շուրջ իր պարբերությամբ, Երկիրը՝ մեկ տարվա, Մերկուրին՝ 88 օրվա, Վեներան՝ 256 օրվա, Յուպիտերը՝ մոտ 12 տարվա պարբերությամբ եւ այլն: Պետք է այդ պարբերությունները հաշվարկել, մի ինչ- որ թվի վրա բաժանել ու գտնել ընդհանուր հայտարարը: Երբեք հնարավոր չէ, որ մոլորակները գտնվեն նույն գծի վրա»,-բացատրեց Հարությունյանը, շեշտելով, որ աշխարհը չի ավարտվելու:

Նրա խոսքով՝ վերջին 10 տարում 5-6 անգամ հայտարարվել է աշխարհի վերջի մասին, դրանցից էր, օրինակ, 1999 թվականին սպասվելիքը, երբ ասում էին, նոր հազարամյակ է սկսում, դրանից հետո որոշվեց, որ աշխարհի վերջ է լինելու 2001 թվականին, բայց նորից ապացույցներ չբերվեց: Անցյալ տարվա ընթացքում էլ, ըստ Հարությունյանի, 2 անգամ նման գուշակումներ արեցին. «Մայաների օրացույցով աշխարհի վերջը պետք է 2003 թվականին լիներ, հետո որոշվեց, որ դա սխալ է ու տեղափոխվեց 2012թ. դեկտեմբերի 21-ը: Իրականում որեւէ տիեզերական աղետ, երեւույթ, որը սպառնում է մարդկությանը՝ գոյություն չունի: Այդ ամենը մարդկային երեւակայություն է, կյանքում կա նաեւ այս բիզնեսի առկայությունը: Մարդիկ, որոնք կարողանում են բիզնես անել ոչ միայ ուրախության, այլեւ ստի վրա, այդ պատճառով հայտարարում են այնպիսի բաների մասին, որը հետաքրքրում է հասարակությանը. մարդիկ ավելի հակված են կորպորատիվ մահվան սպասելուն, քան անձնական: Իսկ կորպորատիվ մահը իրենից պայքար չի պահանջում ու նրան հանգիստ կարելի է սպասել. ստացվում է՝ ընկերովի մահը հարսանիք է»:

Հարությունյանը հավաստիացրեց, որ աշխարհի վերջի հետ կապված բոլոր փաստերը կեղծ են: Ի դեպ, մոլորակների շքերթ եւս չի լինելու, ինչպես շատերն են պնդում. «Արեգակի ակտիվության բարձրացման մասին էլ չենք խոսում, որովհետեւ դա միշտ կա ու այն 11 տարին մեկ փոփոխվում է, հետեւաբար, եթե հավատանք այդ լուրերին, ուրեմն 11 տարին մեկ աշխարհի վերջն է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31