Երշիկեղենի շուկայում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊ) ուսումնասիրություն է կատարել եւ պարզել, որ երշիկների պատրաստման ընթացքում օգտագործվել են մեծաքանակ համային եւ գունային հավելանյութեր, մսի քաշն ավելացնելու համար էլ` մեծ քանակությամբ սոյա: Մինչդեռ դրանց պիտակների վրա նշված է, որ պատրաստման ընթացքում օգտագործվել է տավարի եւ խոզի բարձրորակ միս։ Ընդ որում՝ նման դեպքեր բացահայտվել են նաեւ երեխաների համար նախատեսված «մանկական» անվանումով երշիկների պարագայում։
Կարդացեք նաև
Այսօր ՏՄՊՊ-ն օրինախախտ 21 տնտեսվարողների տուգանեց նրանց նախորդ տարվա տարեկան հասույթի 1 %-ի չափով, ինչն, ըստ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի, օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափն է: Ըստ հանձնաժողովի, այդ ընկերություններն են` «Մուշ», «Ա. Բիլյան», «Առ Դելիկատես», «Նատֆուդ», «Ջրվեժի մսամթերքի կոմբինատ», «Մարիլա», «Բաբիկ 90», «էրեբունի աստղ», «Հայր եւ որդի Գալստյաններ», «Երեմկա», «էլիտ Պրոդ», «Ա. Շիրվանյան եւ ընկերներ», «Արտյոմ եւ Հրայր եղբայրներ», «Լումա», «Կարինե եւ Նարինե», «Նեպտուն Մար», «Սոս 97», «Տիրան Ղազարյան», «Գայան Ջամե», «Բարի արագիլ» եւ «Արթուր Հակոբյան» Ա/Ձ-ն:
Ըստ հանձնաժողովի մասնագետների, երշիկների որոշ տեսակերի մեջ մսի մասնաբաժինը կազմում է ընդամենը 16 %, իսկ տավարի կամ խոզի մսին հիմնականում փախարինում է գոմեշի ներկրված միսը: Տնտեսվարողների փաստաթղթերի համաձայն, արտադրության մեջ օգտագործվող մսի 1 կգ-ի գինը կազմում է 700-800 դրամ։
Մասնագետների խոսքերով, արտադրական գործընթացում քաշի ավելացման, ախորժելի գույնի, կպչունություն ապահովելու եւ այլ նկատառումներով են օգտագործվել բոլոր այդ հավելանյութերը, ինչը մարդու առողջությանը խիստ վնաս է: Անբարեխիղճ տնտեսվարողները երշիկեղենի մեջ օգտագործել են նաեւ օսլա, սպիտակաձավար, ալյուր, նիտրիտ, ֆոսֆատ եւ այլն, որոնց մասին նույնպես ոչ մի խոսք չի եղել պիտակի վրա: Հանձնաժողովի պատասխանատուների խոսքերով, որակի, քանակի բաղադրության կամ այլ բնութագրերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելն էլ համարվում է սպառողներին մոլորեցում:
Հանձնաժողովի անդամների ներկայացմամբ, տնտեսվարողները տեղի ունեցածը որակել են որպես տպագրական սխալ, կամ աշխատակիցների անփութության հետեւանք:
Այսօր ՏՄՊՊ նիստին մասնակցելու էին եկել 5-6 տնտեսվարող, սակայն տեսնելով, որ նիստին նաեւ ներկա են լրատվամիջոցներ, խուսափեցին ներկա գտնվել եւ պարզապես «թռան»: Ներկա էր միայն երշիկ արտադրող «Կարինե եւ Նարինե» ընկերության հաշվապահը`Գեղամ Պողոսյանը: Նա նշեց, որ իրենց ընկերությունը տուգանվել է 140 հազար դրամով, քանի որ արտադրանքի բաղադրությունը չի համապատասխանել պիտակի մակնշմանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ