Դիլիջան քաղաքի թիվ 4 դպրոցում արդեն մեկ տարի է` ինչ «չեն կարողանում» կամ ավելի ճիշտ՝ չեն ուզում տնօրեն ընտրել, իսկ ընտրական խորհրդի նիստը վերածվել է իսկական «բեմականացման»:
Շուտով կլրանա մեկ տարին, ինչ վերջացել է գործող տնօրեն՝ Ծովիկ Մկրտչյանի պաշտոնավարման ժամկետը, սակայն ամեն անգամ անցկացվող խորհրդի նիստերը, չգիտես «ում սրտով» կամ ում «ցանկությամբ»՝ հետաձգվում են:
Ընտրական խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել այս տարվա մարտին՝ միակ թեկնածու Ռուզաննա Դավթյանի առաջադրությամբ, սակայն, չեղյալ է հայտարարվել, քանի որ անհայտ պատճառներով խորհրդի անդամներից մեկը չի ներկայացել նիստին:
Ինչ-ինչ պատճառներով՝ տնօրենի ընտրություն չի կատարվում հետագա ևս երկու ընտրությունների արդյունքում: Ամեն անգամ՝ մի պատճառով: Երկրորդ անգամ թեկնածուն չի անցնում 1 կողմ և 7 ձեռնպահ քվեարկության արդյունքում:
Կարդացեք նաև
Ամբողջ հարցն այն է, որ համաձայն օրենքի՝ կրկնակի քվեարկությամբ ևս տնօրեն չընտրվելու դեպքում հաստատության խորհուրդը եռօրյա ժամկետում նախարարություն է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները: Նախարարությունը հավակնորդներից որևէ մեկին, հիմք ընդունելով նշված փաստաթղթերը, որոշում է ընդունում մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ և 5-օրյա ժամկետում լիազոր մարմին է ներկայացնում առաջարկություն աշխատանքային պայմանագիր կնքելու համար:
Սակայն երրորդ ընտրությունն անցկացվում է 6 ամիս անց և անգամ այս դեպքում՝ տնօրենին չեն կարողանում «ընտրել»:
Նոյեմբերի 23-ին՝ երրորդ ընտրական խորհրդի նիստին առաջադրվում են երկու թեկնածուներ՝ Աբազյան Տաթևիկ և Դավթյան Ռուզաննա: Ընտրությունն անց է կացվում նախարարությունից ուղարկված դիտորդի մասնակցությամբ, և թվում էր, թե ամեն ինչ պետք է, որ նորմալ ընթանա: Սակայն քվեարկությունն ավարտվում է Ռուզաննա Դավթյան. 1 կողմ 7 ձեռնպահ և Տաթևիկ Աբազյան. 8 ձեռնպահ, արդյունքներով:
Հիմա հարց է առաջանում, ի՞նչն է պատճառը, որ տնօրեն չի ընտրվում. չկա համապատասխան թեկնածո՞ւ, թե՞ ինչ-որ մեկին «ձեռք չեն տալիս» այս փոփոխությունները:
Առաջին հարցին հնարավոր է պատասխանել, քանի որ տնօրենի թեկնածուի համար առաջադրված Ռուզաննա Դավթյանն արդեն 11 տարի է, ինչ աշխատում է նույն դպրոցում և դպրոցի ուսուցիչների մեծ մասը սատարում է հենց նրան, սակայն տեղի ունեցած ընտրություններում դա հաշվի չի առնվում:
Ընտրությունների օրերին դպրոցի վրդովված աշակերտները՝ «Մեր սիրելի ընկեր Դավթյան» պաստառներով, դպրոցի բակում փորձում էին ինչ-որ ձևով աջակցություն արտահայտել իրենց ուսուցչին:
Ամենավատն այստեղ այն է, որ խնդրի լուծումը չի երևում. այն կարող է շարունակվել անվերջ: Իսկ դպրոցում թե′ ուսուցիչները, և թե′ աշակերտները հոգնել են այդ ծանրացած մթնոլորտից:
iregion.org