Դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ ՀՅԴ-Սերժ Սարգսյան հանդիպումը: Ըստ տարածված հաղորդագրության՝ «Կայացել է երկարատեւ քննարկում՝ Հայաստանի պետական-հանրային եւ քաղաքական կյանքի արմատական բարեփոխմանն ու առողջացմանն ուղղված՝ ՀՅԴ առաջադրած յոթ կետանոց հիմնադրույթների շուրջ:ՀՅԴ մամլո դիվանի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման արդյունքում կողմերը որոշել են շարունակել խորհրդակցությունները»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թե ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, թե ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել էին, թե Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու հրամայականը իրենց օրակարգում վճռորոշ տեղ չի զբաղեցնում, և եթե գործող նախագահն ընդունի իրենց 7 կետանոց առաջարկը, ապա ՀՅԴ-ն պատրաստ է պաշտպանել նրա թեկնածությունը:
Արդյոք կարելի է ակնկալել, որ առաջիկա նախագահական ընտրություններում ՀՅԴ-ն կսատարի Սերժ Սարգսյանին, եթե նա ընդունի Դաշնակցության ներկայացրած յոթ կետերը: Այս հարցի մասին Aravot.am-ը զրուցեց այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք հանդիպել են ՀՅԴ-ի հետ:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեր զրույցում ասաց. «Նորմալ եմ նայում տարբեր քաղաքական ներկայացուցիչների հետ հանդիպումներին: Կարծում եմ, որ մեկ հանդիպումից եզրակացնել, թե Դաշնակցությունը կարող է սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը կամ ոչ, դեռ վաղ է: Չգիտեմ իրենք ինչ են զրուցել Սերժ Սարգսյանի հետ, սակայն այդ փաստը նորմալ եմ գնահատում, քանի որ ՀՅԴ-ն հանդիպել է նաև «Ժառանգության» հետ և որևէ մեկը չասաց, թե ինչու է այդ հանդիպումը տեղի ունեցել»:
Կարդացեք նաև
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց. «Կոռեկտ չեմ համարում խառնվել որևէ այլ կուսակցության ներքին գործերին և որոշումներին: Դա բացարձակապես ՀՅԴ-ի գործն է և իրավունքը»:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն էլ Aravot.am-ին փոխանցեց հետևյալը. «Ազատ երկիր է, ով ում ուզում` հանդիպում է: Ինչ վերաբերում է «Ազատ դեմոկրատներ»-ՀՅԴ հանդիպմանը, ապա մենք քննարկել ենք հնարավոր համագործակցության եզրերը: Սերժ Սարգսյանի հետ մենք ոչ հանդիպել ենք, ոչ էլ նպատակ ունենք հանդիպելու, ուստի ենթադրությունների հիման վրա կանխատեսումներ նպատակահարմար չեմ համարում անել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ