Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժեշտ ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանին

Դեկտեմբեր 10,2012 12:26

Կյանքից հեռացավ հայ երգարվեստի նշանավոր դեմքերից մեկը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը: Տարիներ շարունակ երգչուհին իր հոգեթով ձայնով ու երգեցողական բարձր վարպետությամբ հուզել է հայ և օտարազգի երաժշտասերների: Նրա երգն անկեղծ էր ու համոզիչ, ձայնը՝ թավշահունչ, ինչպես դուդուկը:

Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957 թ. փետրվարի 5-ին, Գյումրիում: 1971 թ. ավարտել է Գյումրիի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, 1974-1978 թթ. սովորել է Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում, 1981-1986 թթ. ուսումը շարունակել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում:

Ֆլորա Մարտիրոսյանի արվեստի հետագա վերելքի համար կարևոր դեր է ունեցել Հայաստանի պետական ժողովրդական գործիքների անսամբլը, որի մենակատարն էր 1976-1991 թթ. : 1990-ականներին տեղափոխվելով ԱՄՆ  շարունակել է իր ազգանվեր գործունեությունը՝ հայ տոհմիկ և ազնվահունչ երգով նպաստելով հայապահպանության և հայրենիքն ու սփյուռքը մշակույթով համախմբելու կարևոր գործին: Վերադառնալով հայրենիք 1997-2001 թթ. աշխատել է Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում՝ որպես տնօրեն:  2002-2008 թթ. ղեկավարել է Լոս-Անջելեսում իր հիմնադրած Բրբենքի և Հոլիվուդի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցները:  2006-2007 թթ. առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է «Կոմիտաս» համահայկական միջազգային երգի մրցույթը, որին Հայաստանից և արտերկրից մասնակցել է շուրջ 2000 հայ երեխա:  2007 թ. հիմնել է «Արտիստները հանուն խաղաղության» բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարհահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր` արվեստի ուժով իրենց ձայնը միացնելու Հայոց ցեղասպանությանը և աշխարհում տեղի ունեցած ոճրագործություններին «Այլևս երբե´ք» ասելուն: «Այլևս երբե´ք» խորագրով շարքի վերջին համերգը տեղի է ունեցել 2012 թ. ապրիլի 24-ին Մոսկվայում. այն պետք է շարունակվեր աշխարհի մի շարք երկրներում և Հայաստանում մինչև 2015 թ.: Ֆլորա Մարտիրոսյանի շնորհիվ հազարավոր մարդիկ իրենց համար բացահայտել են Հայաստանն ու հայ ժողովրդին՝ միանալով մի հպարտ ազգի բողոքին:
Ֆլորա Մարտիրոսյանի երգն ընդմիշտ  կմնա  հայ երգարվեստի պատմության էջերում և հանդիսատեսի հիշողության մեջ:

Սիրված երգչուհու վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա դեկտեմբերի 11-ին, ժամը 12:00-14:00-ն, Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը՝ նույն օրը Երևանի քաղաքային պանթեոնում:

Տեսանյութերը՝ 168.am-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31