2013 թվականի հունվարից եթերում կլինի «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հիման վրա ստեղծված «Միր 24» լրատվական հեռուստաալիքը: 24-ժամյա լրատվական հեռուստաալիքի ստեղծման նախագիծը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից հավանության էր արժանացել ս.թ. սեպտեմբերի 28-ին:
«24-ժամյա լրատվական ալիք ունենալու նպատակը ժամանակին համընթաց քայլելն է: Եթե ժամանակին մենք կարող էինք օրական ունենալ 2-3 լրատվական թողարկում, ապա այսօր` համացանցի տարածման դարում, դա բավարար չէ: Գտանք, որ ժամանակն է «Միր»-ի հիման վրա ստեղծել նոր լրատվական ալիք, որը կօգնի ԱՊՀ անդամ երկրների եւ աշխարհի մասին տեղեկություն ցանկացող մարդուն ցանկացած ժամին սեղմել հեռակառավարման վահանակի կոճակն ու ստանալ իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը»,- Մեդիամաքս-ի թղթակցին ասել է «Միր»-ի հայաստանյան ազգային մասնաճյուղի տնօրեն Մերուժան Սարգսյանը:
«Միր» միջպետական հեռուստառադիոընկերության շուրջ 1600 աշխատակիցներ այժմ պատրաստվում են նոր հեռուստաալիքի աշխատանքին:
Մերուժան Սարգսյանի փոխանցմամբ, «Միր 24»-ի համար լուրերի «շուկան» բավական մեծ է, ինչ հնարավորություն կտա 30 րոպեն մեկ լրատվական թողարկում ապահովել:
«Կարծում եմ, շատ նորմալ է, երբ օրվա գլխավոր թեման նաեւ կկրկնվի: Հուսով եմ, որ մեր ինֆորմացիան կլինի բավական հարուստ, այն չի սահմանափակվում միայն Հայաստանով», – ասել է նա:
Մերուժան Սարգսյանը վստահ է, որ «հեռուստատեսությունը պետք է բարձրացնի հանրության մակարդակը»:
«Հաշվի առնելով, որ մեր հայեցակարգի հիմքում հումանիտար եւ մշակութային համագործակցությունն է` մենք պարտավոր ենք մեր հեռուստալսարանին ներկայացնել, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինչպես է ապրում հայ երիտասարդը, երեկոյան ինչպես եւ որտեղ է անցկացնում իր ժամանակը: Այնպես որ, հետաքրքիր հաղորդումներ կլինեն մեր կյանքից, առօրյայից: Նաեւ կշարունակվեն «Հայաստանն այսօր», «Ուղեցույց» հաղորդումները», – պատմել է Մերուժան Սարգսյանը:
Նա նշել է, որ շատ ծրագրեր ներկայումս փորձարկման փուլում են: «Հաղորդումները պետք է ընդունելու եւ հետաքրքիր լինեն նաեւ ԱՊՀ անդամ երկրների հեռուստադիտողների համար` այս առումով խնդիրը բավական բարդ է», – ասում է
է «Միր»-ի հայաստանյան ազգային մասնաճյուղի տնօրենը:
«Միր»-ը Երեւանում հեռարձակվում է 66 դեցիմետրային կապուղով, որը Երեւանից բացի ընդգրկում է նաեւ Արարատյան դաշտավայրն ու հարակից տարածքները, ընդգրկված է գրեթե բոլոր կաբելային հեռուստաընկերությունների փաթեթներում:
Հեռուստառադիոընկերության բոլոր հաղորդումները շուրջ մեկ տարի է` տեղ են գտնում Mir24.tv կայքում: Ազգային մասնաճյուղի տնօրենի կարծիքով` 2015-ից թվային հեռուստաընկերությանն անցնելու դեպքում «Միր 24»-ը, ամենայն հավանականությամբ, կլինի սոցիալական փաթեթում եւ հեռուստադիտողին անվճար հասանելի կլինի:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ս.թ. հոկտեմբերի 18-ի հրամանագրով Մերուժան Սարգսյանը «հեռուստառադիոոլորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման եւ երկարամյա բեղմնավոր գործունեության համար» պարգեւատրվել է Բարեկամության շքանշանով:
«Իհարկե, հաճելի է գնահատված լինել, բայց նաեւ` շատ պարտավորեցնող», –Մեդիամաքս-ին ասել է Մերուժան Սարգսյանը:
Սիրանուշ Եղիազարյան