Ներկայացնելով իր գրասենյակի կատարած աշխատանքները` այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անդրադարձավ իր եւ պետական մարմինների միջեւ պարբերաբար իրականացվող «փոխադարձ կրակահերթերին». «Այնպես են ներկայացնում, իբր մենք ուզում ենք սեւացնել իրենց աշխատանքը: Այնպես չէ, որ ամեն ինչ իդեալական է, եւ օմբուդսմենը հետեւողականորեն եւ ընտրովի փորձում է վարկաբեկել այդ մարմինները»:
Օմբուդսմենի բերած վիճակագրական տվյալներով` ոստիկանությանն ուղղված 167 հիմնավոր բողոքներից ընդամենը 2-ի դեպքում ոստիկանությունը միջոցներ չի ձեռնարկել, եւ Պաշտպանը կայացրել է խախտման որոշում: Նմանատիպ վիճակագրություն կա նաեւ մյուս պետական մարմինների համար: Ընդհանուր առմամբ` Պաշտպանը 2012 թ. կայացրել է 31 խախտման որոշում` ՀՀ դատախազության հանդեպ` 6, ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ` 6, ՀՀ աշխատանքի և սոց. հարցերի նախարարության` 4, ՀՀ արդարադատության նախարարության` 3, Երևանի քաղաքապետարանի` 2, ՀՀ ԿԳՆ` 1, ՀՀ ԱԳՆ` 1, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե` 1, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն` 1:
Այս պարագաներում համապատասխան մարմինները ինչ-ինչ պատճառներով չեն կայացրել համապատասխան որոշումներ, Պաշտպանի խոսերով` «Պետական մարմինը համառել է»: Դրան Պաշտպանը տալիս է հետեւյալ բացատրությունը. «Երբ պետական մարմինը համառում է, գուցե պաշտպանում է սիրված աշխատակցին, գուցե հետապնդում է որեւէ քաղաքական, կորպորատիվ, կամ նույնիսկ` կոռուպցիոն շահ»:
Պարոն օմբուդսմենը, լրագրողներից մեկի ռեպլիկին, որ ինքը Օմբուդսմեն դարձավ ՀՀԿ-ի առաջադրմամբ, ասաց. «Ես շնորհակալ եմ ՀՀԿ-ին, որ ինձ առաջադրել է, բայց պարտական չեմ», նաեւ շնորհակալություն հայտնեց կուսակցությանը, որ իրեն ընտրելու համար քվեարկել է, եւ մինչ օրս քաղաքական ճնշումներ չի բանեցրել իր վրա:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ