Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն քննության կառնի ՄԻՊ-ի հերթական դիմումի հիման վրա գործը

Դեկտեմբեր 10,2012 11:13

Դեկտեմբերի 11-ին Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով քննության կառնի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հերթական դիմումի հիման վրա գործը: Կարեն Անդրեասյանը վիճարկում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի  38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 14-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության, 29-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի սահմանադրականությունը:

Գործով զեկուցող է նշանակված ՍԴ անդամ Հրանտ Նազարյանը: Որպես պատասխանող կողմ ներգրավված է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքն ընդունած Ազգային ժողովը:
Օրենքի 14-րդ հոդվածով սահմանված են մասնակի կենսաթոշակ նշանակելու պայմաններն ու ժամկետը: ՄԻՊ-ի կողմից վիճարկվող դրույթն ամրագրում է, որ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում:

29-րդ հոդվածի` աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածները, վիճարկվող  2-րդ մասի 6-րդ կետի համաձայն, կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ` սահմանված տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի, իսկ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելիս սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև ուսումնական հաստատություններում, բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների, առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի:

36-րդ հոդվածը վերաբերում է չվճարված կենսաթոշակի գումարը վճարելուն: Վիճարկվող 1-ին մասի 2-րդ կետով սահմանվում է, որ  եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն, աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե փոխվել է հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` տվյալ ամսվա 1-ից, եթե տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) հետո առնվազն վեց ամիս աշխատած լինելու մասին տեղեկանք` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

Նշենք, որ գործող օրենքն ուժի մեջ է մտել 2011 թ.-ի հունվարի 1-ից, և ուժը կորցրած է ճանաչվել 2002 թ.-ի նոյեմբերի 19-ի «Պետական կենսաթոշակների մասին» օրենքը: 36-րդ և 38-րդ հոդվածների վիճարկվող վերոհիշյալ դրույթները խմբագրվել են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում ԱԺ-ի կողմից ընթացիկ տարվա մարտի 19-ին կատարված փոփոխությունների արդյունքում: Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, օրենքի փոփոխությունները նախկին օրենքի համեմատ գործնականում որոշակիորեն վատթարացրել են կենսաթոշակառուների վիճակը:

ՄԻՊ-ի համոզմամբ, նոր դրույթների միջոցով կենսաթոշակի հաշվարկման դեպքում թոշակառուն ավելի նվազ գումար է ստանում, քան նախկինում, մասնավորապես` տարիների ընթացքում տարբեր պատճառներով չստանալով կենսաթոշակ՝ քաղաքացին վճարվում է ավելի կարճ ժամանակահատվածի համար։ Այսպես, եթե նախկինում քաղաքացուն վճարվում էր 3 տարվա համար, ապա այժմ կենսաթոշակը վճարվում է միայն մեկ տարվա համար։  Մեկ այլ փոփոխությամբ սահմանափակվել է մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունքը, ինչպես նաև կատարվել է փոփոխություն աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածներում:

Կ. Անդրեասյանն ընդգծում է. «ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը նախատեսում է, որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:  Իր հերթին, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 723 որոշմամբ սահմանվել է. «Օրենսդիրն իրավասու է օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանելու կենսաթոշակի հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման լիովին նոր համակարգ: Սակայն նման փոփոխությունները չեն կարող վերացնել այն կենսաթոշակները, այդ թվում՝ արտոնյալ կարգով նշանակվող, որոնք ստանալու իրավունքն անձը ձեռք է բերել նախկինում գործող օրենսդրության հիման վրա»: Անձի իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտերի հետադարձության ուժի մերժման սկզբունքը ամրագրված է նաև մի շարք միջազգային պայմանագրերում»։

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31