«Ես ինքս առհասարակ գտնում եմ, որ բարեգործական ցանկացած իր կամ գումար պետք է որպես բարեգործություն հաստատվի Հայաստանի համապատասխան պատկան մարմնի կողմից: Եթե այդ գումարը փոխանցվել է պարոն Օսկանյանի անձնական հաշվին եւ որպես բարեգործություն չի ճանաչվել Հայաստանի պետական որեւէ մարմնի կողմից եւ չի իրազեկվել այդ մարմինը այդ բարեգործության մասին, դրա շարժառիթների եւ նպատակների մասին, ապա այդ գումարը պարզապես հարկման է ենթակա, որովհետեւ քաղաքացին իր անձնական հաշվին ստացել է ինչ-որ մի գումար, որը դիտարկվում է որպես իր անձնական եկամուտ»,- բարեգործ Հանթսմանի՝ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին փոխամնցած 2 մլն-ի պատմությունն Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ԼՂՀ նախկին արտգործնախարար, կոչումով դեսպան Արման Մելիքյանը:
Նրա գնահատմամբ՝ «Անգամ եթե ընդունում ենք, որ պարոն Հանթսմանը որոշել էր այդ գումարը տրամադրել պարոն Օսկանյանին, որպեսզի ստեղծվի ինտերնետային հեռուստատեսություն, սա միանշանակ բարեգործություն չէ, այլ ներդրում է, ներդրում՝ նաեւ պարոն Օսկանյանի քաղաքական կարիերայի մեջ: Իսկ քաղաքականությունը շատ շահութաբեր բիզնես է: Եվ այս տեսանկյունից սա եւս կասկածելի բարեգործություն է»:
Մենք ճշտեցինք, այսինքն ճի՞շտ են ըստ ձեզ իշխանությունները, որ սա քաղաքական հետապնդում չէ եւ միայն իրավական հարթության մեջ պետք է հարցին նայել՝ Արման Մելիքյանը պատասխանեց. «Իշխանություններն այդ հարցով արտահայտվելու բարոյական իրավունքը չունեն ուղղակի, որովհետեւ իրենց համար սա ընտրողական մոտեցում է եւ իրավունքի ընտրողական կիրառում: Սա իշխանությունները չէ, որ կարող են եւ բարոյական իրավունք ունեն ասելու»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ